Ժիրայր Սէֆիլյանը՝ Վահան Շիրխանյանի կալանավորման և սահմանի լարված իրավիճակի մասին

«Առհասարկ այդ քաղաքացիների խմբի ձերբակալումն առաջին օրից շատերի մոտ անլուրջ զգացողություն առաջացրեց ու այդ անլրջությունը շարունակվում է: Գործող ռեժիմն իր համապատասխան ծառայություններով չունի ժողովրդի վստահությունը: Այդ գործի ծագերում կա քաղաքական աստառ, ես վստահ եմ: Վահան Շիրխանյանի ձերբակալկումը հարց է առաջացնում, թե ինչո՞ւ խումբը ձերբակալվեց նոյեմբերին, իսկ Շիրխանյանը՝ մի քանի օր առաջ, այսինքն՝ մոտ 25 օր հետո նոր իմացան, որ նա ներքաշված է այդ ամենին: Կամ՝ եթե նա ներքաշված լիներ կմնա՞ր Երևանում:

Ուստի այնքան խճճված է այդ գործը, որ վստահ եմ՝ այս ռեժիմը դրա տակից չի կարողանա դուրս գալ»,- Ազատության հրապարակում՝ անդրադառնալով ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությանը, նշեց Ժիրայր Սէֆիլյանը:

Ի պատասխան ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե սահմանին իրավիճակը կարելի գնահատել ռազմական, Սէֆիլյանն ասաց, որ մեր բանակը դարձել է «հարուստ, կեղեքող գեներալների ու աղքատ ընտանիքների զինվորների բանակ»:

«Եթե բանակը մարտունակ է, ապա մեր քաղաքական ղեկավարությունը պետք է իմանա, որ դա իրենց շնորհքը չէ, այլ մեր գեների: Բոլորս պետք է հասկանանք, որ մարտունակ բանակ չի կարող լինել առանց երկրի ներսում սոցիալական արդարության: Նոր երևույթ չէ սահմանի այս տաք վիճակը: Անշուշտ, վերջին ամիսներին աննախադեպ է՝ կիրառվող տեխնիկայի իմաստով, սակայն զինադադարի պայմանագրի կնքման օրվանից սկսած իրավունք չունեինք դա զինադադար անվանել, որովհետև այդ պայմանագիրն ի սկզբանե խոցելի է եղել, ի սկզբանե ի վնաս մեզ է եղել, և ժամանակին եթե ի օգուտ մեզ կետեր ունենայինք, ապա հիմա այդքան զոհեր չէինք ունենա:

Ինչ վերաբերում է նրան, որ նոր սկսեցին ասել, որ խաղաղ պայմաններում չենք գտնվում, ես կարծում եմ՝ սա ավելի շատ օգտագործվում է այն պատճառով, որ մեր երկրի ներսում ստեղծվել է նոր իրավիճակ, այսինքն՝ ներքին լսարանի համար է, ու ես կասեի՝ մեր պատճառով: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի շուրթերից էլ շուտով կլսենք՝ տղերք, պատերազմ է, եկեք հանգիստ թողնենք ներքաղաքական վիճակը, եթե ոչ, գիտենք՝ ինչ կլինի: Դժբախտաբար, իրենց ճիշտ գնահատականներն ուշ են, դրանց միտումը դավադիր է»:

Տեսանյութեր

Լրահոս