Որքան գումար են պատրաստում տրամադրել գնումների համար քաղաքացիները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված օրեր են մնացել Ամանորին, մարդիկ արդեն սկսել են կատարել իրենց նախատոնական գնումները: Նույնիսկ հասարակական տրանսպորտում տնային տնտեսուհիների խոսակցության թեման մեկն է՝ Ամանորը: Այս տարի հրազդանցիները կարծես չեն շտապում րոպե առաջ ավարտել իրենց ամանորյա գնումները: Սուպերմարկետների աշխատակիցները, տոնավաճառի վաճառողներն ասում են, որ նախորդ տարիների աշխուժությունը չկա, նախատոնական այս օրերին հաճախորդները գնումներ կատարում են ավելի քիչ գումարով, իսկ եթե նախորդ տարվա նույն գումարն են ծախսում, ապա այս տարի դրանով ավելի քիչ ապրանք են ձեռք բերում:

Ամանորյա «միջին» սեղանի արժեքն իմանալու համար որոշեցինք պարզել, թե քաղաքացիները որքան գումար են պատրաստում տրամադրել գնումների համար: Հրազդանի շուկայում, սուպերմարկետներում հարցման արդյունքում այդպիսի եզրահանգման եկանք՝  Ամանորը ոչ բոլորի համար է սպասված տոն, վերջին տարիներին շատերի համար այն միայն մեծ հոգս է ու գլխացավանք: Ամենուր ճոխ ու առատ վաճառասեղանների ետևում կանգնածներն էլ դժգոհում էին, որ առևտուր չկա, մարդ չկա, մոտենում, գները հարցնում ու հեռանում են:

Ներկայացնում ենք հարցման արդյունքնեը, ըստ հարցման՝ միջին խավը 60-70 հազար դրամով մի կերպ «էշը ցեխից կհանի», իսկ թոշակառուների 25 տոկոսը՝ 20-30 հազար դրամով կփորձեն «մի բան դնել սեղանին», թոշակառուները չգիտեն ինչ պետք է անեն`  Նոր տարի նշեն, 20-25 հազար դրամ թոշակով կոմունալ վարձերը մուծեն, թե՞ «ցամաք» հաց գնեն:

«Ես մենակ են ապրում, ամեն ինչից գրամով էի առնում, որ կարողանամ գոնե 30հազար դրամի մեջ տեղավորվեմ, բայց այս տարի դժվար թե դա էլ ունենամ»,- ասում է 70-ամյա թոշակառու Հակոբը: Ունևոր խավը Ամանորի սեղանի համար կծախսի 200-500 հազար դրամ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս