Երբ սխալվում է բժիշկը. «Տիկին, թատրոն մի խաղացեք. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ս. Ավետիսյանի մտքով անգամ չէր անցնում, որ աշխատավայրից պահանջված բժշկական (սանիտարական) գրքույկը լուրջ փորձության է դառնալու իր եւ ընտանիքի համար։ Անցնելով հերթապահ հետազոտությունները տեղամասային՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում՝ պոլիկլինիկայի ֆթիզիատոր Նաիրա Բաբայանի «թեթեւ ձեռքով» ախտորոշվում է տուբերկուլյոզ։
Վերջինս պահանջում է կրկնակի հետազոտություն հակատուբերկուլյոզային դիսպանսերում։ Սակայն մինչեւ ուղեգրի ձեւակերպումը Ս. Ավետիսյանը ստուգիչ հետազոտություն է անցնում Արաբկիր բժշկական կենտրոնում։ Կենտրոնի մասնագետները հերքում են Ն. Բաբայանի ախտորոշումը։ Հերքում է նաեւ ականավոր պրոֆեսոր Մ. Նարիմանյանը։
Դժվար չէ պատկերացնել Ավետիսյանների ընտանիքի հույզերն ու ապրումները։ Երբ Ս. Ավետիսյանը համապատասխան հետազոտության փաստաթղթերով ներկայանում է եւ խնդրում է բժշկական գրքույկը Բաբայանից, վերջինս իր տեսակետն է պնդում եւ պահանջում է հակատաբերկուլյոզային դիսպանսերի հետազոտություն։ Տպավորություն է, թե բժիշկը ինքնահաստատվում էր՝ հերքելով մյուս մասնագետներին և կարևորելով սեփական կարծիքը։ Ինչ խոսք, բժիշկը կարող է ունենալ դիրքորոշում, որը տարբերվում է մյուս մասնագետների կարծիքներից, սակայն անթույլատրելի է տրավմայի ենթարկել մարդկանց, հատկապես այս դեպքում, երբ նրա մասնագիտական կարողություններն արդեն իսկ կասկածելի են։ Բժշկին հատուկ հումանիստական հատկանիշներից զուրկ այս ֆթիզիատորը Սարգիսի հուզված մորը, ով փաստարկումներով հակառակն էր պնդում, պարզապես նետում Է. «Տիկին, թատրոն մի խաղացեք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: