Բաժիններ՝

«Պետական համակարգում ոչ թե մարդու գիտելիքն է գնահատվում, այլ շատ ու շատ այլ կապեր». Վահե Հովհաննիսյան

«Սա մի մեծ, լուրջ խնդրի մասին է խոսքը, իսկ նախագիծը միայն մի դրվագն է կարգավորում: Սա զուտ կրթական խնդիր չէ և պետք չէ սահմանափակել կրթություն և պատիժ հասկացությունների մեջ: Բուհն ավարտածն անընդհատ պարտք է տալիս հայրենիքին ու շրջանին: Նպատակային ուսուցմամբ ավարտողին ի՞նչ ենք առաջարկելու՝ սոցիալական պայմաննե՞ր, աշխատավա՞րձ: Հեռավոր գյուղերում ո՛չ տուն կա, ո՛չ տեղ կա, պետական աշխատավարձը ստանալու է կոպեկներ և, բնական է, որ ամեն հնարավորն անելու է, որ չգնա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի մասին, որով սահմանվում է նպատակային ուսուցում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև ՀՀ տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:

Ըստ նրա՝ բացի պատժից, երբ բուհն ավարտելուց հետո սահմանված շրջան մեկնելուց հրաժարվելու դեպքում անձը պետք է ուսաման ծախսը վերադարձնի, պետք է սոցիալական որոշակի երաշխիքների ապահովության համակարգ ստեղծել: «Ի՞նչ ենք առաջարկում արտասահմանում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդին: Հայաստանում արդարության մեխանիզմը՝ առաջ գնալու, նկատված լինելու, պետությանը օգուտ տալու, կատարյալ չէ՝ մեղմ ասած, և՛ պետական համակարգում կատարյալ չեն, և՛ մասնավոր: Պետությունը պետք է կարողանա վերադարձած ուսանողներին առաջարկներ ներկայացնել: Պետական համակարգում ոչ թե մարդու գիտելիքն է գնահատվում, այլ շատ ու շատ այլ կապեր»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս