«Արկերի պայթյունն ու փամփուշտների սուլոցն է լավագույն բանակցությունը, ոչ թե չափավոր խոսքը, որպեսզի Ադրբեջանն իր սկսած կրակը դադարեցնի». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Առաջիկայում չենք ստանա ամենակարևոր հարցի պատասխանը Ալիև-Սարգսյան հանդիպման վերաբերյալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, վերլուծաբան Հայկ Ա․ Մարտիրոսյանը` մեկնաբանելով օրերս Բեռնում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքները։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն էին տարածել: Համանախագահներն ընդգծել էին, որ գագաթնաժողովը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույցի տեսքով հանդիպման ժամանակ:

«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ: Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: Նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին: Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման միջնորդության հարցում»,- հայտարարել էին համանախագահները։

Հայկ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ հանդիպման արդյունքները չի գնահատում, որովհետև գնահատում են մի բան, որը որոշակի արժեք ունի: Իսկ այս հանդիպումը, նրա խոսքով, որևէ արժեք չունի և չի կարող ունենալ: «Ի՞նչ արժեքի մասին կարող է խոսք լինել, երբ ռազմական գործողություններ են նախաձեռնում, սպանում մեր զինծառայողներին, հետո նստում՝ բանակցելու մի բանի շուրջ, որի ճիշտ հակառակն են անում և անելու: Դա ժամանակի վատնում է, կորուստ, և կասեի՝ հայկական կողմի համար չարդարացված կորուստ: Արկերի պայթյունն ու փամփուշտների սուլոցն է լավագույն բանակցությունը, ոչ թե բանավոր և չափավոր խոսքը, որպեսզի իրենց սկսած կրակը դադարեցնեն»,- նշեց նա։

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ինչի մասին կարող է հուշել գագաթնաժողովն առաջինը լքելու Ալիևի քայլը և համանախագահների քննարկումները ՀՀ նախագահի հետ, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, թե չգիտի՝ որքանով է ճիշտ Ալիևի հյուրանոց գնալու մասին տեղեկությունը, բայց եթե դա ճիշտ է, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանցին իրեն չափազանց ինքնավստահ է զգում և դրա պատճառն այն է, որ հայկական կողմից առայժմ միայն քաղաքակիրթ և խիստ խաղաղասեր վարքագիծ է տեսնում:

«Կամ՝ որ Հայաստանի առաջնորդը սպառնացել է նրան, իսկ ադրբեջանցին չի ցանկացել ներքաշվել մի զրույցի մեջ, որն իր համար տհաճ է և անիմաստ: Երրորդ տարբերակն այն է, որ տետ-ա-տետ և բացառապես միայնակ զրույցի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք սպառիչ պատասխաններ են պարունակել երկու կողմերի համար էլ և դրանից հետո ադրբեջանցին, ավարտած համարելով իր առաքելությունը, կացարան է վերադարձել:

Չորրորդ տարբերակն այն է, որ ուղղակի մարդն իրեն վատ է զգացել և հեռացել է հյուրանոց՝ բնական կարիքները հոգալու: Այդպես ևս լինում է քաղաքականության մեջ: Ինչպիսին էլ որ լինի իրականությունը՝ մենք դժվար թե այդ մասին իմանանք: Ինչպես նաև առաջիկայում չենք ստանա այս պահին ամենակարևոր հարցի պատասխանը՝ ի՞նչ են իրականում խոսել երկու թշնամի պետությունների առաջնորդները: Եվ դա, թերևս, ամենակարևոր հարցն է: Այնուամենայնիվ՝ հուսամ, որ կենաց չի եղել՝ անգամ ամանօրյա և որ կենացի մասին խոսքը համանախագահի պոետիկ և այլաբանական բնորոշումն է՝ տրված շվեյցարական հրաշալի բնության ազդեցության ներքո: Իսկ մինչ այդ՝ մեր զինվորները շարունակելու են զոհվել, իսկ մենք՝ խոսել խաղաղ կարգավորման մասին»,- ցավով նշեց Հայկ Ա․ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս