
Դասականը՝ դետալներում. Vertu-ն ցուցադրել է իր առաջին սմարթ-ժամացույցները

Vertu Corporation-ի նոր գլխավոր տնօրեն Բիլլի Կրոտտին ցուցադրել է իր ընկերության սմարթ-ժամացույցների առաջին նախատիպը: «Կոմերսանտի» հետ զրույցում Բիլլի Կրոտին պատմել է սարքի հնարավորությունների մասին:
«Երբ տեսնում ես «խելացի ժամացույցների» թվային դիսփլեյը, ոչ միշտ ես մտածում, թե դա թանկ է, էլեգանտ է: Մենք կցանկանայինք դա պատրաստել մեխանիկական, շվեյցարական ժամացույցների տեսքով, որոնցում արդեն կա ներդրված վարպետություն»,- ընդգծել է Կրոտին:
Vertu-ի «խելացի ժամացույցի» ներկայացված օրինակը համապատասխանում է նման կոնցեպցիային: Սարքն արտաքինից չի տարբերվում լյուքս-դասի դասական ժամացույցներից:
Vertu-ի ներկայացուցչի խոսքով՝ աշխարհում կա նման ժամացույցների 5 օրինակ: Սարքը կհայտնի տիրոջը, եթե եկել է հաղորդագրություն կամ զանգ, անգամ թույլ կտա նրան պատասխանել դրան, սակայն դա չի անում հրապարակավ, ինչպես դիսփլեյով էլեկտրոնային ժամացույցները:
Ընկերությունը նման սարքերի արտադրությունը որոշել է կազմակերպել Շվեյցարիայում: