Անեծքը փոխանցվո՞ւմ է սերունդներին
– Աստված ասաց. «Մեղավորին չեմ ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում եմ որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ և չորրորդ սերունդ» (Ելք. 34: 7): Որդիները պատասխանատո՞ւ են ծնողների, պապերի գործած մեղքերի համար: Անեծքը փոխանցվո՞ւմ է սերունդներին: Արդյոք դա այդպե՞ս է մինչև այժմ:
– Մեջբերվածը վերաբերում է մովսիսական շրջանին, այսինքն Հին Կտակարանին, որը Քրիստոսից 3 հազար տարի առաջ թելադրվում էր ընտրյալ ազգին: Քրիստոսից հետո փոխվեց իրադրությունը:
Դուք պետք է ուշադիր սերտեք Պողոս առաքյալի ուսմունքը օրենքի և օրհնության մասին (տես՝ Գաղատացիներին ուղղված նամակ): «Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով և ո՛չ թե օրենքի գործերով, քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով» (Գաղ. 2: 16): Քրիստոսի՝ աշխարհում հայտնվելով, Նրա մահվամբ և հարությամբ Նրան հավատացողները ստացան Աստծո որդեգիրներ դառնալու հնարավորություն: «Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ. 4: 7): Եթե Մովսիսական օրենքում հոր մեղքի պատճառով անեծք էր դրվում մեղավորի որդիների մի քանի սերունդների վրա, ապա Քրիստոսական օրենքում օրհնություն է տրվում Քրիստոսին անմնացորդ հավատացած յուրաքանչյուր մարդու, որովհետև նրանք Աստծու որդիներ են:
Քրիստոսով մարդկության համար սկսվում է փրկության նոր ընթացք, և երանելի էին այն ձկնորսներն ու մաքսավորները, ովքեր ընկալեցին փրկության խոհուրդը և դարձան շեփորն ու փողհարը տիեզերքի 4 ծագերում, թե Քրիստոսով է փրկությունը: Վերացավ անեծքի ուղղությունը, և մեզ այցելեց Երկնքի Արքայությունը, Տիրոջ օրհնությունը: Այդ օրհնությունը ստանալու և անեծքից դուրս լինելու համար առաջին հերթին պետք է մկրտվել, որպեսզի հին մարդն ընկնի և նոր մարդը չժառանգի անցյալի մեղքերի բաժինը:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am