«Ի՞նչ կապ ունի՝ 50, թե՞ 100 գրամ խմես, մեկ է՝ գլխակեր ես». Վարորդների կողմից սպասված փոփոխությունները շուտով կյանքի կկոչվեն

Վարորդների կողմից սպասված փոփոխությունները շուտով կյանքի կկոչվեն: Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու հարակից նախագծերը: Ըստ նրա՝ առաջարկվում են մի քանի սկբունքորեն համակարգային լուծումներ, այդ թվում՝ տուգանքների փոխարինում նախազգուշացմամբ, տեղում խախտումն ուղղելու հնարավորություն, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված նորմերի խստացում՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, նաև կիրառվի համաներում, որ միայն մայր գումարը վճարելով վարորդներն ազատվեն տոկոսներից և հավելավճարներից, նաև կներդրվի բալային համակարգ:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խախտումները 70% նվազել են, սակայն ԱՆ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի նախորդի համեմատ 30% աճ էր եղել, իսկ նախքան արագաչափերի տեղադրումը՝ 2011 թ., աճը 140% է եղել, իսկ քաղաքացիների վճարած գումարներն աճել են 351.7%: Ն.Փաաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր է լուծվում այս համակարգով՝ վարձույթի և մի շարք այլ խնդիրներ լուծված չեն:

Ա.Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ ցուցանիշներն աճում են, հակառակը, ըստ նրա՝ նվազում կա, օրինակ, ամենաշատ խախտումի՝ կանգառի մասով 2014-ին եղել 328871 դեպք, 2015-ին՝ 296337. «Աշխարհի տարբեր երկրների փորձ ենք ուսումնասիրել, ներդրված համակարգը բավականին արդյունավետ է գործում»: Նրա գնահատմամբ՝ մեքենաների քանակի աճով է պայմանավորված ցուցանիշների աճը և, երբ ավտոմեքենաների քանակի համադրմամբ ենք նայում, թվերը ոչ թե ավելացել, այլ նվազել են:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարևորեց օրինագիծը, հատկապես՝ հոծ գծերը տրորելու խախտումը թեթևացնելը, որ մեր երթևեկության պայմաններում պետք է «օդով գնալ», որ հոծ գիծը չտրորեն: Ն.Զոհրաբյանը նաև շատ դրական գնահատեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատասխանատվությունը խստացնելը, քանի որ մի քանի անգամ արագությունը գերազանցելով մեքենա վարելու արտոնություն իրենց թույլ են տալիս տարբեր արտոնյալներ ու նրանց զավակներ, որ գիտեն, որ իրենց ոչինչ դրա համար չի լինի:

Կարդացեք նաև

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ դրական որակեց օրինագիծը, որն ըստ նրա, մեր հանրության շահերից է բխում, կան տույժեր ու տուգանքներ, որ դուրս են գալիս, և անսթափ վիճակում չպետք է վարել: Նա նշեց, որ այն քաղաքացիները, որ 50-100 գրամ խմում են ու նստում ղեկին, արտերկրում իրենց դա թույլ չեն տալիս, որովհետև գիտեն, որ խիստ պատժվելու են. «Ի՞նչ կապ ունի 50, թե՞ 100 գրամ խմես, մեկ է՝ գլխակեր ես: Անսթափ վիճակում վարելը պետք է մնա անցյալում»:

Ա.Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը հավանաբար կգործի ամանորյա տոներից հետո, աշխատանքային առաջին օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս