«Չվախենա՛ք…». Րաֆֆի Հովհաննիսյանը կոչով դիմեց իրավապահ մարմիններին

«Երեկ և այսօր հայրենիքը, հայոց ազգը կորցրեց հերթական իր հերոսին, զինվորին: Հարգենք նրանց հիշատակը»,- այսօր Ազատության հրապարակում այս խոսքերով սկսեց հանրահավաքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ երկու զոհերը եղել են Ադրբեջանի դիվերսիոն գործողության արդյուքնում, իսկ Գոռ Օհանյանի մահվան պատճառները դեռևս պարզված չեն. «Դա թուրքի գործը չէ, դա հայի գործն է, դա մեր պետության գործն էր, որ տարավ մի զուլալ, մատղաշ հայաստանցու կյանքը: Սա ևս ընդգծում է հրամայականը ազգային, որի մասին բոլորս գիտենք, և արդեն մենք հոգնում ենք կրկնելուց, մենք մեզ լսելուց, այդ ճշմարտությունը համընդհանուր է»:

Նա հայտնեց, որ վերջին շաբաթվա ընթացքում իրենց կատարած մարզային հանդիպումների ժամանակ՝ հիմնականում Էջմիածնում, Սիսիանում և Կապանում, իրենք դեմ-հանդիման եկան ինքնախոստովանականի. «Կեղծիքի մեքենան հրավիրեցին մեր դիմաց ոչ միայն խանգարելու, այլև ասելու, որ քաղաքների տերը իրենք են: Ո՞վ ռիսկ կանի հայ մարդուն ասել՝ քաղաքից գնացեք, սա իմն է: Այնտեղ կային թաղի մեծ բազուկներով, սուտ ինքնավստահությամբ, սուտ տղամարդկությամբ ինքացուցանակող երիտասարդներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քաղաքապետեր, փողկապ հագնող պետական պաշտոնյաներ, վարձված տիկնայք…:

Քաղաքացիական ժողովների շարքը ուներ որպես թիրախ երկու հարց՝ կուսակցապետ Սերժ Սարգսյանի ազատումը աշխատանքից, և երկրորդը՝ 20 տարիների ընթացում առաջին անգամ ունենանք նախագահական և խորհրդարանական ազատ, անկախ ընտրություններ ու անցումային կառավարության ստեղծումը: Մինչ օրս այդ օրակարգային կետերը ընդունվել են միաձայնությամբ: Ամեն տեղ քվեարկություն արեցինք, ու միաձայն անցան դրանք»:

Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը և մյուս օրը իրենք կշարունակեն քաղաքացիական ժողովների շարքը երկրի մյուս մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Շիրակում:

«Մարշալ Հովսեփյան, գեներալ Հակոբյան, գեներալ Գասպարյան, գնդապետ Կոստանյան, հայ ժողովուրդը և ՀՀ քաղաքացին ստեղծված իրավիճակում՝ ելնելով սահմանադրական իրեն վերապահված լիազորությունից հանձնարարում է ձեզ անմիջապես ձեր գործառույթներով ու լիազորություններով քրեական պատասխանատվության ենթարկել, ձերբակալել, խափանման համապատասխան միջոցներ կիրառել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, դեկտեմբեր 6-ից առաջ և դրանից հետո ու կոնկրետ այդ օրը պետական հանցագործություն, պետական հեղաշրջման փորձ արած այն բոլոր քաղաքացիների նկատմամբ, ովքեր կազմակերպեցին, կատարեցին և մեղսակից դարձան հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու ու մեր սահմանադրության դեմ պետական հանցագործություն: Հակառակ դեպքում, հարգելի պատասխանտուներ, դուք ևս կընկնեք անգործության կամ մեղակցության հոդվածնրի տակ, որը չենք ուզում: Չվախենաք, համազգային պահանջ է դա»:

 

Տեսանյութեր

Լրահոս