Ինչ վտանգ կա՝ Վալերի Պերմյակովի հետ կապված

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ավետիսյանների սպանության գործի քննությունը մինչև 2016թ. հունվարի 18-ը: Դատական նիստը հետաձգվեց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությամբ. վերջինս նշեց, որ ծանոթ չէ քրեական գործի նյութերին, հետևաբար՝ խնդրեց ողջանիտ ժամանակ տալ՝ դրանց ծանոթանալու համար: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ մեղադրողը, չառարկեցին միջնորդության դեմ:

Դատական նիստի ընթացքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ դատարանում դատավարության մասնակիցների համար նախատեսված անձանց շարքում ներկա էին նաև զինվորական համազգեստներով, ռետինե մահակներով զինված անձինք, ովքեր օտարերկրացիներ են: Նա հարց հնչեցրեց՝ կա՞ որևէ հիմնավորում նրանց՝ դատական նիստերի դահլիճում լինելու վերաբերյալ:

Դատավորն ասաց, որ ամբաստանյալ Վալերի Պերմյակովը դատապարտյալն է և պատիժ է կրում ՌԴ կալանատանը և նրա անվտանգությունն ապահովվում է նաև նրանց կողմից: Արթուր Սաքուցն էլ հարց հնչեցրեց, թե հիմնավոր ի՞նչ վտանգ կա՝ Վալերի Պերմյակովի հետ կապված, որ թույլ է տրվում այդ անձանց մասնակցությունը: Դատավորն էլ ասաց, որ նրանք դատավարության մասնակիցներ չեն: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սկզբունքներից ելնելով՝ ես միջնորդում եմ դատական նիստերի դահլիճից հեռացնել զինվորական համազգեստով այս անձանց, որովհետև դատարանի կողմից որևէ իրավական հիմնավորում չի ներկայացվել և չի կարող ներկայացվել նրանց՝ այստեղ գտնվելու վերաբերյալ»,- ասաց Արթուր Սաքունցը: Դատարանն ընդմիջում հայտարարեց:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենց համար անընդունելի է դատարանի այն պատճառաբանությունը, որ զինվորները պետք է այստեղ գտնվեն, քանի որ Վալերի Պերմյակովը գտնվում է ՌԴ կալանատանը. «Ինքը հիմա կալանատանը չէ: Ինքը Հայաստանի Հանրապետության դատարանում է գտնվում»: Նա նշեց, որ դատավարությունը դռնբաց է, հետևաբար՝ ռուս զինծառայողները կարող են ներկա գտնվել նիստին, սակայն նրանք իրավունք չունեն գտնվելու այն տարածքում, որտեղ գտնվում են դատավարության մասնակիցները:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ Վալերի Պերմյակովը հանդիսանում է ՌԴ դատապարտյալ, և դատարանի պահանջով նրան ապահովում են դատական նիստին: «Ես հայտարարում եմ, որ ՀՀ դատարանում դատավորի կողմից կոպտորեն խախտվում է ՀՀ դատական օրենսգիրքը: Ավելին, Դուք հենց հիմա Ձեր հայտարարությամբ ամրագրեցիք, որ դատավարության մասնակիցներից մեղադրյալի նկատմամբ պահպանող կամ նստող գործառույթներ իրականացնում են ոչ իրավասու անձինք»,- ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ սա անթույլատրելի է և դատական իշխանության անկախության կոպիտ ոտնահարում է, իսկ նման պայմաններում դատավարությունը շարունակելը խիստ խնդրահարույց է:

Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել: Նա նշեց, որ այն վերաբերում է դատական նիստն անցկացնելուն, սակայն դատավորը թույլ չտվեց այն ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս