«Իրեն հարգող պաշտպանության նախարարն այսքան ձախողումներից հետո պետք է որ հրաժարական տա»
hayzinvor.am. Մայոր Արամ Արշակյանը, կապիտաններ Սերգեյ Հակոբյանն ու Գայ Սիրականյանը ծառայում են առաջնագծում, իրականացնում մարտական հերթապահություն: Նրանց երիտասարդությունն անցնում է խրամատներում: Նրանց համար չկա ցերեկ ու գիշեր, տոն եւ հանգստյան օր: Սովորել են լարվածությանը շփման գծում, կրակոցներին, դիպուկահարների աշխուժությանը: Իսկ նոր պատերազմի հավանականության մասին խոսակցություններին էլ արձագանքում են. «Խաղաղություն՝ որպես այդպիսին, առաջնագծում երբեք էլ չի եղել»:
Մայոր ԱՐԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ
գումարտակի շտաբի պետ
-2008 թվականից մինչ օրս առաջնագծում եմ և չեմ հիշում մեկ օր, որ կրակոց չլինի: Պարզապես վերջին ժամանակահատվածում հակառակորդը փոխել է մարտավարությունը` կիրառում է հեռահար միջոցներ, անգամ տանկ, ինչը գոնե առաջնագծում ծառայող սպաներիս համար անսպասելի չէ: Բոլորս էլ հասկանում ենք՝ եթե կա զենք, հնարավոր է, որ այն մի օր կրակի: Հակառակորդի նոր մարտավարությունը, ըստ իս, հետևանք է այն բանի, որ նրա անձնակազմն ի վիճակի չէ խնդիր կատարելու անմիջական շփման պայմաններում: Որպես ասվածի օրինակ՝ հիշեմ մի դեպք. անցած տարի իմ հրամանատարությամբ ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներ Գոռը, Արմանն ու Անդրանիկը վնասազերծեցին հակառակորդի հետախույզ-դիվերսանտին: Իսկ այսպիսի օրինակները, երբ շարքայինները մարտի են բռնվում զինված հակառակորդի հետ և տապալում նրան, քիչ չեն: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց նրանք նորից կանցնեն դիվերսիաների մարտավարությանը՝ ստուգելու մեր զինծառայողների հոգեբանական պատրաստությունը:
Ինչպես գերագույն գլխավոր հրամանատարն է ասում՝ «Մարտական ոգին մեր բանակի ամենակարևոր զենքն ու սպառազինությունն է», ուստի բոլոր ոտնձգություններն այդ ոգին ընկճելու, թուլացնելու նպատակ ունեն: Բայց փաստեմ, որ լարվածության պատճառով այսօր մենք ավելի ուշադիր ենք, ավելի զգոն, քան երբևէ: Այլևս լավ ծառայելը քիչ է, ձգտում ենք գերազանցի: Այնպես որ, հակառակորդը հանդիպելու է ավելի կուռ, համակարգված դիմադրության:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ վաշտի հրամանատար
-Այսօր հակառակորդն ունի խոցված դիրքեր (իր բոլոր ենթակառուցվածքներով), ռազմական օբյեկտներ ու զինավան, բազում կոծկված կորուստներ, ինչպես նաև մեր պատժիչ գործողություններից վախեցած զինվորներ ու սպաներ: Կարծում եմ՝ շատերն են տեսել, թե ինչպես է ադրբեջանական բանակի հրամանատարը զինվորական «ՈՒԱԶ»-ով խուճապահար փախչում՝ բախտի քմահաճույքին թողնելով իր ենթականերին:
Փորձեցին բարձրացնել իրենց բանակի վարկանիշը, բայց փոխարենը եղածն էլ գետնով տվեցին: Իրեն հարգող պաշտպանության նախարարն այսքան ձախողումներից հետո պետք է որ հրաժարական տա, բայց շարունակում է դիմել արկածախնդրության:
Իմ հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի քանի տասնյակ զինվորների ու սպաների անունից վստահեցնում եմ՝ մեր մարտունակությունն ու մարտական պատրաստությունը բարձր աստիճանի են, մենք ամենաբիրտ կերպով շարունակելու ենք կասեցնել թշնամու ոտնձգությունները:
Կապիտան ԳԱՅ ՍԻՐԱԿԱՆՅԱՆ վաշտի հրամանատար
-Հակառակորդին պետք է միաժամանակ պատժել տարբեր ուղղություններով: Հորդորներով, թե պետք է պահպանել հրադադարի ռեժիմը, Ադրբեջանին չես սանձի: Նրանք փորձում են իրենց հասարակությանը, աշխարհին համոզել, որ խնդրի ադրբեջանամետ լուծման համար պատրաստ են լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: Գուցե զենքով իսկապես էլ հարուստ են, բայց պատերազմելու ունակ չեն: Վերջին գործողություններն ապացուցեցին՝ շեղ են կրակում: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, մենք զիջելու ոչինչ չունենք, մենք մարտական ընկերներ ենք կորցրել:
Պարզապես, պետք է համախմբված լինենք, աջակցենք մեկս մյուսին, ինչպես անցած տարվա ամռանը, երբ ադրբեջանցի դիվերսանտներ էին ներթափանցել: Մեզ հրաման էր տրված՝ վնասազերծելու նրանց: Ինքս եմ բռնել Դիլհամ Ասկերովին, որ դատապարտված է ցմահ ազատազրկման: Մենք այդ օրը գործեցինք մեկ մարդու պես, և այդպես պետք է լինի ամեն ժամ, անկախ նրանից, թե սահմանի ո՞ր հատվածում է լարված: