Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևան քաղաքի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և խլել իր տեսանկարահանող սարքը: Հետագայում իրեն վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի:
Վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը:
Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: