««Նոր Հայաստանի» քաղաքական գործընթացը ավարտվել էր սկսվելուց հինգ րոպե առաջ». Արմեն Բադալյան

«Այս տարի ներքին քաղաքականության մեջ կարևորվեցին փետրվարյան իրադարձությունները, երբ ԲՀԿ-ն ոչ միայն դուրս մղվեց քաղաքական գործընթացներից, այլև անցավ ՀՀԿ-ի հովանու ներքո»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով 2015 թվականը, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ քանի որ ԲՀԿ-ի առաջնորդը հեռացվեց, ԲՀԿ-ն համարժեք առաջնորդ չգտավ, ու չկարողացավ գաղափարական ընկալելի «իմիջ» ունենալ, չկարողացավ իր դեմքը գտնել: Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ երկրորդ կարևոր իրադարձությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեն էր, որը ցույց տվեց, որ հասարակությունը ուժեղ է, որ կարողանա «ոչ» ասել, բայց այնքան ուժեղ չէ, որ կարողանա իր «ոչ»-ը դե յուրե պահպանել. «Տեղի ունեցավ հայտնի նկարչությունը ու ֆիքսվեց՝ «այո»-ն: Անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կդիմի՞ Սահմանադրական դատարան, թե՝ ոչ, բայց այս հարցը փակված է»:

Խոսելով իշխանությունների՝ այս տարվա տապալումների մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ նրանք գրեթե բոլոր բնագավառներում տապալել են. «Մենաշնորհները չվերացվեցին, դատաիրավական համակարգը չփոխվեց, ընտրությունների ինստիտուտը գոյություն չուներ և այլն»:

Անդրադառնալով ընդդիմադիրների գործունեությանը՝ Ա. Բադալյանը նշեց, որ ընդդիմությունն այս տարի հաջողություն չունեցավ. «Դե յուրե ընդդիմադիր շատ կառույցներ կան, դեկտեմբերի 6-ի գործընթացը ցույց տվեց, որ ընդիմադիր երկու ուժ է մնացել. ՀԱԿ-ը՝ իրեն կցված ՀԺԿ-ն, և ինչ-որ չափով ՀՅԴ-ն: Մնացածն ուղղակի գրանցված են»:

168.am-ի հարցին՝ իսկ «Հիմնադիր խորհրդարանը» և «Ժառանգությունը» ընդդիմադիր չե՞ն՝ հաշվի առնելով, որ այս տարի բավականին ակտիվ էին՝ Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. ««Նոր Հայաստան» քաղաքական կառույցի քաղաքական գործընթացը ավարտվել էր սկսվելուց հինգ րոպե առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս