
«Չծխող» նվագախումբն ու Կուստուրիցան՝ Երևանում

Դեկտեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը: Աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալու Երևանում, և դա պատահական չէ, քանի որ հետաքրքրությունը երկկողմանի է:
Սերբ կինոռեժիսորը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են թե՛ քաղաքական դիրքով, թե՛ մշակույթով և թե՛ պատմությամբ: Երկու ազգերն էլ ցեղասպանություն են տեսել, իսկ երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան իր հերթին որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով.
«Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին»:
Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը տեղի կունենա՝ ևս մեկ անգամ փաստելու և կարևորելու հայ և սերբ ազգերի բարեկամությունը: