Կրեմլը պատրաստ է Ասադի հեռանալուն. Reuters

Ռուսաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Մոսկվան պատրաստ է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուն անցումային քաղաքական պրոցեսի շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով արևմտյան երկրների դիվանագետներին:

«Ռուսները մասնավոր զրույցներում հայտնում են, որ պատրաստ են ընդունել այն, որ Ասադը հեռանալու է անցումային շրջանի վերջում: Նրանք պարզապես դեռ պատրաստ չեն այդ մասին հայտարարել հրապարակավ»,- ասել է դիվանագետներից մեկը: Նրա մի քանի այլ գործընկերներ հաստատել են այդ տեղեկությունը գործակալության հետ զրույցում:

Նրանց խոսքով՝ սիրիական խնդրի նկատմամբ Արևմուտքի ու Ռուսաստանի դիրքորոշումներում դեռ կան զգալի տարբերություններ, սակայն տարաձայնություններն աստիճանաբար նվազում են:

Հաղորդվում է նաև, որ Մոսկվան ավելի շատ է պատրաստ հեռանալ Բաշար Ասադից, քան նրա դաշնակիցը՝ Թեհրանը:
Դիվանագետներից մեկի խոսքով՝ Իրանը դեռ պնդում է, որ Ասադը մնա իշխանության ղեկին:

Բարձրաստիճան դիվանագետներից մեկն էլ պատմել է գործակալությանը, որ ռուսական իշխանություններն արդեն նախապատրաստել են Ասադին փոխարինող պոտենցյալ թեկնածուների ցուցակը, սակայն չի հայտնել մանրամասների մասին: Տեղեկություններ դեռ չկան այն մասին, թե արդյոք Իրանն ունի նման ցուցակ:

Ավելի վաղ Ասադն անձամբ էր հայտարարել, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե դա ցանկանա Սիրիայի բնակիչների մեծ մասը:

Տեսանյութեր

Լրահոս