«Գնդապետն ամեն բան իմացել է, բայց ազատության մեջ է». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, իրենց հարազատների հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմին նամակ ներկայացնելու մասին երեկ որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Ոստիկանություն չեմ գնացել, ուղղակի մայրս էր նախագահի աշխատակազմին դիմում գրել, որ մեր հասցեին որդուս սպանության գործով աոաջին դատական նիստի ժամանակ սպառնալիքներ են հնչել։ Մասնավորապես, ամբաստանյալների ծանոթների կողմից մեր հարազատներին հայհոյել են ու ասել, թե ձեր դեմքերը հիշում ենք, «հելնեք դուրս, տեսեք՝ ինչ ենք անելու»։ Մայրս դիմել է նախագահի աշխատակազմին, որպեսզի այս սպառնալիքները չկրկնվեն, այնտեղից էլ տեղեկացրել են, որ մեկ ամսից պատասխան կլինի»։
«Առավոտի» հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում այն, որ գործում ներգրավված չէ հրամանատարական կազմից որեւէ ներկայացուցիչ, մինչդեռ կանոնադրային հարաբերությունների խախտում է տեղի ունեցել նաեւ, պարոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Զարմացած եմ, որ ոչ մի սպա ոչ ձերբակալվեց, ոչ պատասխանատվության ենթարկվեց։ Գնդապետը մինչեւ հիմա ազատության մեջ է, մինչդեռ ինքը բոլոր արտոնությունները ստեղծել էր իր որդու համար։ Նույնիսկ որդին ճաշարան չի գնացել, մեքենայով մտել, դուրս է եկել, քաղաքացիական շորերով է եղել։ Գնդապետն ամեն բան իմացել է, թե այդ գիշեր ինչ է եղել։ Համաձայն եմ, որ որպես հարազատ չի կարող ցուցմունք տալ, բայց գոնե արտոնյալ վիճակ իր որդու համար ստեղծելու, բարձիթողի վիճակի համար ձերբակալեին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: