Բաժիններ՝

Միակ ամբաստանյալ Պերմյակովը կաշկանդված կլինի իրականության վերաբերյալ ցուցմունք տալ դատարանին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը կայանալու է  ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչը Դատարանը հիմնավորել է ամբաստանյալի՝ ՌԴ կայազորային կալանատանը գտնվելու հանգամանքով, որտեղ նա իր պատիժն է կրում: Ինչպես նշված է Դատարանի վերոնշյալ որոշման մեջ, այդպիսով հնարավոր կլինի ապահովել ամբաստանյալի ներկայությունը դատական նիստերին և երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը:

Եթե դատելու լինենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն որոշման տրամաբանությամբ, ապա պետք է ենթադրել, որ բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալները գտնվել են Հանրապետության տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկներում, որտեղից նրանք բերվել են դատարանի դահլիճ՝ մասնակցելու դատական նիստերին, խախտվել է վերջիններիս արդար դատաքննության իրավունքը: Հարցը դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից ևս , որով սահմանվում է արդար դատաքննության իրավունքը՝ Վալերի Պերմյակովի արդար դատաքննության իրավունքի խախտման որևէ դրսևորում չի կարող լինել, և այս պարագայում բացակայում է արտագնա նիստ վարելու անհրաժեշտությունը:

Բացի դրանից՝ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ կայազորային կալանատանը գտնվելու հանգամանքը արդեն իսկ խախտում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5-րդ հոդվածը, որով սահմանվում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, այնպես էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, առավել ևս, որ զորամասի կայազորային կալանատունն իր պահման պայմաններով չի կարող համապատասխանել քրեակատարողական հիմնարկի չափանիշներին: Նկատի ունենանք նաև, որ Պերմյակովն այնտեղ գտնվում է այն մարդկանց հսկողության ներքո, որոնց «հավանական հանցավոր»  գործողությունների վերաբերյալ տեղեկատվության է տիրապետում, ինչն էլ հակասական ցուցմունքների հիմնական պատճառն է, որոնք հետագայում համապատասխանեցվել են փորձագիտական եզրակացություններին:

Համաձայն ՀՀ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 5-րդ հոդվածի 1 կետի 3-րդ ենթակետի, 6-րդ հոդվածի 1 կետի, 8-րդ  հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2001թ. թիվ 1015  որոշման՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասը ձերբակալված և կալանավորված անձանց պահելու համար օրենքով չնախատեսված  կառույց է, որը չի պատկանում ՀՀ Արդարադատության նախարարությանը և ըստ վերը նշված օրենսդրության՝ չի հանդիսանում մեկուսարան, որտեղ պետք է պահվեն   կասկածյալը կամ մեղադրյալը:

Զորամասի կալանատանը Պերմյակովի գտնվելու հանգամանքը ՀՀ  կողմից Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է: Անձը, այնտեղ գտնվելով, փաստացի զրկված է օրենքով սահմանված իր մի շարք իրավունքների իրացումից: Պերմյակովի դատավարությունը զորամասում անցկացնելու հանգամանքը ապօրինի է, որը կնպաստի անարդյունավետ քննության անցկացմանը, և միակ ամբաստանյալ Վ. Պերմյակովը կաշկանդված կլինի իրականության վերաբերյալ ցուցմունք տալ դատարանին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս