Ի՞նչ վտանգներ է ներկայացնում Իսլամական պետությունը Հայաստանի համար. Իրանագետն առնվազն 4 վտանգ է տեսնում

«Իսլամական պետության (ԻՊ) գոյությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` նաև Հայաստանի համար, բայց պետք է հստակորեն տարանջատենք՝ այդ վտանգն ուղղակի վտանգ չէ, Հայաստանը ներսից ենթակա չէ ԻՊ-ի նման ահաբեկչական կառույցների կողմից որոշակի անվտանգության կամ կայունության խաթարման, բայց բնական է՝ մենք գտնվում ենք թե՛ Կովկասի, թե՛ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, և այս տեսանկյունից կան որոշակի վտանգներ՝ կապված ԻՊ հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ առաջին վտանգն այս կառույցի բավական ակտիվ ներկայությունն է Հյուսիսային Կովկասում, որն իրանագետի կարծիքով՝ մեզ համար կարևոր տարածաշրջան է. «Եթե այդտեղ տեղի ունենա ապակայունացում, ապա դա անմիջականորեն կազդի մեզ վրա»:

Երկրորդ վտանգը նա տեսնում է Մերձավոր Արևելքի մեր հարևան երկրներում, ու նախևառաջ՝ Թուրքիայի տարածքում այս կառույցի բավական ակտիվ գործունեության մեջ. «Ակնհայտ է, որ դա իրականացվում է թուրքական պետությունների անմիջական օժանդակությամբ, դրա մասին չի բարձրաձայնվում: Ստամբուլում դուք կարող եք ազատ պայմաններում տեսնել, թե ինչպես է այս կառույցը կամ ահաբեկչական այլ կառույցներ քարոզչություն իրականացնում փողոցներում՝ գրականություն բաժանելով մարդկանց: Այս առումով էլ մեզ համար վտանգ կա, որովհետև Թուրքիան մեր անմիջական հարևանն է»:

Երրորդ վտանգը նա տեսնում է այս ամբողջ գործընթացներին Իրանի ներգրավվածության մեջ: «Իրանը, որն իրականության մեջ ԻՊ-ի գաղափարական հակառակորդն է, անմիջականորեն ներգրավված է այս տիպի ահաբեկչական կառույցների դեմ պայքարում, իսկ Իրանը կրկին մեզ համար սահմանակից երկիր է»,- նշեց իրանագետը՝ հավելելով, որ չորրորդ վտանգն Ադրբեջանում նման կառույցների առկայությունն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս