Կոոպերացումը նոր աղետ կարող դառնալ մեր գյուղերի գլխին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ազգային ժողովում սկսվեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Նախագծի հիմքում դրված է փոքր հողակտորներ ունեցող գյուղացիներին կոոպերատիվների մեջ միավորելու, պատկերավոր ասած՝ «հողերի խոշորացման» գաղափարը: Մե հիանալի, հրաշալի ու աննման գաղափար, որը, սակայն, կարող է գյուղացիների գլխին փորձանք դառնալ:

Նույնիսկ եղբայրների միջեւ հավասարապես կիսված «բաժնետիրական» ընկերությունները Հայաստանում, պատկերավոր ասած, պայթում են, ու եթե զոհեր ու վիրավորներ չեն լինում, ապա դա մեծ հաջողություն է համարվում: Կան, իհարկե, մի քանի բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում է մեկ հոգու կամ մեկ ընտանիքի: Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանում չկա կորպորատիվ կառավարման փորձ` դասական բաժնետիրական ընկերությունները Հայաստանում չեն աշխատում:

Հիմա առաջարկվում է նման «բաժնետիրական» ընկերություններ ստեղծել գյուղերում: Եթե քաղաքներում բավականին հարուստ մարդկանց կողմից ստեղծված բաժնետիրական ընկերությունները չեն աշխատել, այդ ինչպե՞ս են հաշվարկել, որ գյուղում, որտեղ մարդիկ նույնիսկ չեն էլ հետաքրքրվել, թե ինչ է դա, հանկարծ պետք է սկսեն աշխատել:

Օրենքի նախագծում հեղինակները մի դրույթ են մտցրել, ըստ որի՝ կոոպերատիվի մասնակիցը չի կարող ունենալ ավելի, քան 20 տոկոս փայամաս: Շատ լավ է: Տեսականորեն սա երաշխավորում է, որ տեղական իշխանիկներն ու նրանց անձնական օգտագործման կրիմինալը իրենցով չեն անի ողջ գյուղը: Բայց՝ միայն տեսականորեն: Գործնական պատկերը բոլորովին այլ է:

Գործնականում գյուղապետը, նրա եղբայրները, իրենց քենիներով, տեգրերով, տալերով, զոքանչներով, աներներով, պապի-տատիով կոոպերատիվում կունենան, մեղմ ասած, ավելի քան 50 տոկոս փայամաս: Գյուղի մյուս բոլոր բնակիչները` 50-ից պակաս: Օրենքը ոչ մի սահմանափակում բարեկամների մասնակցության համար չի սահմանում: Ու կսկսեն այդպես «կոոպերացված» հող մշակել ու բերք ստանալ:

Ի՞նչ ելք ունի գյուղապետի կլանի անդամ չհանդիսացող գյուղացին: Նախագիծը սահմանում է, որ գյուղացին կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ կոոպերատիվից՝ վերցնելով իր փայը: Թե որքան կմնա իր փայից, որքան պարտքեր կուտակած կլինի կոոպերատիվին այդ ընթացքում՝ հարց է: Բայց համարենք, որ գյուղացին կոոպերատիվից կհեռանա առանց կորուստների: Այ այդտեղ գալիս է հաջորդ փուլը: Հանկարծ կպարզվի, որ կոոպերատիվի անդամ չհանդիսացող գյուղացու հողին ջուրը ոչ մի կերպ չի հասնում: Չի հասնում ու վերջ` ջուր չկա: Կամ էլ ջրի մեջ քլոր կա, կամ «մարգանցովկա»… ու ամբողջ բերքը դրա պատճառով փչանում է: Նման կանխատեսումներ կարող ենք հարյուրներով բերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս