«Իմացե՛ք, թե ինչն է լինելու նորաձև, և մոռացե՛ք այն ամենը, ինչ ասացի». Անկեղծանում է դիզայներ Ֆաինան

168.am-ն անդրադարձել էր օրերս կայացած «The LOFT» ժամանցի և ինքնազարգացման կենտրոնի մեկամյակի առթիվ տեղի ունեցած բարեգործական սեմինարներին: ««Լոֆթի» համար հատկանշական այս օրը վերածվելու է բարեգործական տոնի. այն 1.000.000 դրամը (+տվյալ օրվա ողջ հասույթը), որը նախատեսված էր ծննդյան եռուզեռի համար, տրամադրվելու է առողջական խնդիրներ ունեցող փոքրիկներին»,- ասվում էր «Լոֆթի» մամլո հաղորդագրության մեջ։ Սեմինարների ողջ հասույթը տրամադրվելու է երկու փոքրիկ աղջնակների` Միլենայի և Նատալիի բուժմանը: Դիզայներ Ֆաինա Հարությունյանը ևս մասնակցեց այդ բարեգործական միջոցառմանը՝ յուրահատուկ վարպետության դաս անցկացնելով մասնակիցների համար:

Նա խոսեց տարեվերջի ամենաքննարկվող թեմաների մասին` ի՞նչ հագնել Ամանորի գիշերը, և որո՞նք են լինելու 2016 թվականի հիմնական տրենդները: Մինչ այդ չզլացավ նշել, որ արդեն, մեղմ ասած, հոգնել է լրագրողների «Ամանորյա» կրկնվող հարցից՝ ի՞նչ հագնել Ամանորի գիշերը:

«Եվ քանի որ ներկաների մեջ կան նաև լրագրողներ, սկսեմ հենց այդ հարցից: Որքան շատ փայլ՝ այնքան ավելի լավ: Ամանորն այն տոնն է, երբ բոլորը կարող են հագնել այն, ինչ ուզում են, իհարկե, հաշվի առնելով այն վայրը, որտեղ պատրաստվում են դիմավորել Ամանորը: Օրինակ, եթե Ամանորին մտադիր եք այցելել փեսացուի մայրիկին, խորհուրդ չեմ տա հագնել այս տարվա «բոմբը»՝ զգեստ-կոմբինացիան: Հիշո՞ւմ եք Ձեր մայրիկների կամ տատիկների «չեխոսլովակյան կոմբինացիաները»: Հենց դա էլ նորաձև է լինելու: Մի տարբերությամբ միայն՝ եթե մեր մայրիկներն ու տատիկները կրում էին այդ կոմբինացիաները հագուստի տակից, մենք անելու ենք լրիվ հակառակը: Այն խորհուրդ է տրվում կրել հաստ բլուզների կամ «վադալազկաների» վրայից, ցանկալի է՝ կոպիտ կոշիկներով»,- ասում է Ֆաինան` խորհուրդ տալով, ամեն դեպքում, հագնել հարմար կոշիկներ:

Faina (3)

Կարդացեք նաև

Եթե Ձեր մտքով էլ անցավ այն, ինչ իմ մտքով, ուրեմն առնվազն երկու սուբյեկտիվ կարծիք համընկավ: Այո, մեղմ ասած, անճաշակություն: Սակայն որտե՞ղ, եթե ոչ՝ նորաձևության ոլորտի մասին գրելիս, տեղին է հիշել «Ճաշակին ընկեր չկա» արտահայտությունը: Ինչևէ, Ֆաինան շարունակեց՝ նշելով. «Նոր Տարուն արդիական են նաև թավշյա զգեստները: Այս տարի հատկապես նորաձև են նաև թավշյա տաբատներն ու պիջակները»:

Ֆաինան խորհուրդ տվեց նաև, նախքան թավշյա տաբատ ընտրելը, չմոռանալ մեր հայկական «թմբլիկ» ոտքերի առանձնահատկությունների մասին: Դիզայները խորհուրդ չի տալիս ձմռանը չարաշահել սպիտակ գույնը` նշելով, որ այդ գույնը ծանր է դիտվում տարվա այս եղանակին:

«Գրեթե ամեն տարի նորաձև է լինում նաև մորթին: Այս տարի, սակայն, նորաձև է գունավոր մորթին: Ինչպես նաև՝ լայն ու «տձև» վերարկուները: Բայց խորհուրդ չեմ տա 16 տարեկան աղջիկներին հագնել մորթուց վերարկուներ և բարձր կրունկների վրա վազել ուսման: Եթե, ամեն դեպքում, ցանկանում եք կրել մորթի, ապա դա արեք՝ կեդերի հետ համադրելով»,- ասում է Ֆաինան:

Շատ է խոսվել այն մասին, որ Ամանորի գույնը կարմիրն է: Դիզայներն առաջարկում է նաև այլ երանգներ, որոնք ակտուալ կլինեն գալիք տարում: «Երբ ասում ենք՝ կարմիր, դեռ չի նշանակում, որ Դուք պետք է ամբողջությամբ «կարմրեք» և նստեք տոնական սեղանի շուրջ: Կարմիր կարող են լինել Ձեր կոշիկները, աքսեսուարները, թեկուզ և՝ ներքնազգեստը միայն»,- նշում է Ֆաինան:

Faina (1)

Մեր կեսկատակ դիտարկմանը, որ ներքնազգեստ կրելու դեպքում ստիպված կլինենք ցուցատախտակ կախել մեզ վրա, որ կարմիր ենք կրում, Ֆաինան պատասխանեց. «Կարևորն այն է, որ Դուք իմանաք, որ կարմիր եք կրում: Ախր ես դիզայներ եմ, ո՛չ աստղագուշակ, որ իմանամ, թե տարվա որ նշանն ինչ գույն է սիրում և ինչու է սիրում: Չնայած՝ արդեն այնքան եմ փորփրել այդ կայքերը, որ կիսով չափ նաև աստղագուշակ եմ դարձել: Մի բան կարող եմ հստակ ասել. ինչ էլ որ կրեք՝ կարևորն այն է, որ Ձեզ երջանիկ զգաք այդ զգեստում: Գիտե՞ք, դիզայներ լինելը շատ հարմար է այն առումով, որ ինչ էլ կրես և ասես, թե նորաձև է՝ քեզ կհավատան: Սա միանշանակ կատակ էր»: Թերևս այս կատակը շատ կարևոր ուղերձ ուներ բոլոր նրանց, ովքեր կուրորեն, առանց երկար-բարակ մտածելու՝ հետևում են նորաձևության տրենդներին:

«Պաստելային գույները` վարդագույնը, կապույտը և բաց դեղինը, նորաձև են գարնանը: Իսկ այս սեզոնին, օրինակ, շատ գեղեցիկ են դիտվում կապույտ և վարդագույն վերարկուները»,- ասաց Ֆաինան:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են յուրաքանչյուր տարի որոշվում սեզոնային տրենդները: Այս հարցի պատասխանն էլ պարզեցինք Ֆաինայի օգնությամբ: «Կան հատուկ կազմակերպություններ, որոնք ստեղծում են «trend book»-եր և այնտեղ ներկայացնում են, թե ինչ կտորներ և գույներ են արդիական լինելու տվյալ տարում: Դիզայներներն էլ, բավականին լուրջ գումարով գնում են այդ գրքերը և ըստ այդմ` ստեղծում իրենց հավաքածուները»:

Faina (4)

Ամփոփելով նորաձևությանը վերաբերող հարցերը, դիզայներ Ֆաինան, այնուամենայնիվ, խորհուրդ տվեց մոռանալ այն ամենը, ինչ քիչ առաջ ինքն ասաց. «Իմացանք, թե ինչն է լինելու նորաձև, իսկ հիմա խնդրում եմ՝ մոռացե՛ք այս ամենը: Եվ հիշեք, որ նորաձևությունը բիզնես է: Բիզնես, որի ժամանակ մենք վաճառում ենք, իսկ Դուք՝ գնում: Դրա համար են հորինվում տրենդերն ու սեզոնային գույները»:

Faina (5)

Մեր դիտարկմանը, որ նորաձևությունը մեծ իմաստով՝ գեղեցիկ, բայց այնուամենայնիվ՝ լավ մշակված խաբկանք է, Ֆաինան պատասխանեց. «Այդքան կտրուկ չէի լինի գնահատականներիս մեջ: Պարզապես անկեղծության համար ես ասում եմ, որ, այո, սա բիզնես է: Բիզնես, որի ժամանակ մենք ստեղծում ենք, դուք հաճույք եք ստանում՝ նորույթներ գնելով: Ի դեպ, ես ևս իմանալով, որ այս տարվա գույնը կարմիրն է՝ իմ բրենդի խանութի ցուցափեղկում առաջնահերթ ցուցադրել եմ կարմիր գույնի զգեստներ»: Ֆաինան ողջունում է սեփական ոճի զգացումը, որը, թերևս, չպետք է անցնի անճաշակության սահմանը: «Նորաձևության մեջ ամենակարևորը պետք է իմանալ, թե որտեղ և ինչ ես հագնում: Կարևոր է, որ ցանկացած անհատ ունենա իր ոճը: Եթե տվյալ մարդուն դուր չի գալիս վարդագույնը, նա չպետք է զուտ նորաձևությունից ելնելով՝ հագնի, օրինակ, այդ գույնի վերարկու»,- նշում է Ֆաինան:

Լուսանկարները՝ «Լոֆթի» և Ֆաինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս