«Եթե ասեն, որ տեսել են Արվինին հարսանիք նկարելիս, ուրեմն դա պլաստիկ վիրահատություն արած մեկն է եղել». Արվին Քոչարյան
Լուսանկարիչ Արվին Քոչարյանն այն հազվագյուտ արվեստագետներից է, ով կարող է իրեն թույլ տալ զբաղվել սիրելի գործով՝ միևնույն ժամանակ լինել ֆինանսապես «կայուն» վիճակում: Բանն այն է, որ Արվինը կարողացել է գտնել գումար աշխատելու և արվեստի ստեղծման միջև հավասարակշռությունը: Վերջին տարիներին էկրաններ բարձրացած ֆիլմերի, սերիալների, տեսահոլովակների մեծամասնության գովազդային «արշավների»՝ հոլովակների, պաստառների հեղինակը, մեծագույն հաճույքով աշխատում է «միստիկուս» կոչվող լուսանկարչական ժանրում: Մեզ հետ զրույցում Արվինը նշեց, որ իր ցուցահանդեսին ներկա թույլ նյարդերով և կարծրացած մտածելակերպով հանդիսատեսի առաջին ռեակցիան վախի թեթևակի զգացումն է:
«Վախեցած» հանդիսատեսի, միստիկայի հանդեպ սիրո և այլ հարցերի շուրջ Արվինի հետ զրուցեցինք օրերս կայացած The Loft-ի 1-ամյակին: Ի դեպ, «լոֆթեցիները» կազմակերպել էին յուրահատուկ 1-ամյակ՝ «Loft-ն առանց տորթ» խորագրով, որի շրջանակում այդ օրը non-stop տարբերակով իրար էին հաջորդում մի քանի բարեգործական միջոցառում-սեմինարներ: ««Լոֆթի» համար հատկանշական այս օրը վերածվելու է բարեգործական տոնի. այն 1,000,000 դրամը (+ տվյալ օրվա ողջ հասույթը), որը նախատեսված էր ծննդյան եռուզեռի համար՝ տրամադրվելու է այն փոքրիկներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ»,- ասվում էր «Լոֆթի» մամլո հաղորդագրության մեջ։
Այդ սեմինարների դիմաց վճարված ողջ հասույթը ևս պետք է փոխանցվեր հիվանդ երեխաների բուժմանը: Բարեգործական նպատակով այդ օրը «Լոֆթում» մաստեր կլասով հանդես եկավ նաև լուսանկարիչ Արվին Քոչարյանը:
– Արվին, ո՞րն է լինելու այսօրվա սեմինարի գլխավոր ասելիքը:
– Հիմնականում խոսելու ենք «Միստիկուսի» մասին: Ի՞նչ ասելիք ունի միստիկան լուսանկարչության բնագավառում: Լուսանկարչության տեխնիկական հնարքներից և հնարավորություններից այսօր չենք խոսելու: Ինտերնետն այդ հնարավորությունը լիուլի տալիս է: Ես կփորձեմ բացահայտել այդ ամենի հոգևոր աշխարհը: Այսօր «Լոֆթում» ներկայացված է նաև իմ լուսանկարների ցուցահանդեսը: Այն այստեղ կմնա շուրջ երկու շաբաթ: Ներկայացված են վերջին 5 տարվա աշխատանքները:
– Ձեր լուսանկարները մտածելու տեղիք են տալիս: Սովորաբար ստանդարտներից դուրս ստեղծագործության իմաստը միշտ չէ, որ միանշանակ է ընկալվում կամ առհասարակ չի ընկալվում հասարակության կողմից: Ինչպե՞ս է հնչում մինչ օրս արված ամենատպավորիչ մեկնաբանությունը Ձեր լուսանկարների վերաբերյալ:
– Կա մի կարծիք, որն ամենից հաճախ է հնչում՝ «Ի՞նչ վախենալու ա»: Այդ տեսակ մտածելակերպի տեր մարդկանց հետ երկար չես զրուցի արվեստի շուրջ: Բայց դա էլ նրանց զգացածն է, դա էլ իրենց կարծիքն է:
– Սպառիչ կարծիք է: Այդ կարծիքից հետո դժվար թե ասելիք ունենաք միմյանց:
– Իրավացի եք: Սակայն դա էլ նրանց աշխարհընկալման տեսանկյունն է՝ «չափված-ձևված» կարծրատիպերի մեջ: Այս ցուցահանդեսում իմ կողմից ներկայացված է մի գաղտնի ներաշխարհ, որտեղ ամեն մարդ կարող է գտնել իր անհայտ, մութ անկյունը: Կարծում եմ, որ մութ արվեստը շատ խորհրդավոր է:
– Եվ ի՞նչ պետք է տեսնի Ձեր լուսանկարների դիտորդը:
– Այս նկարներին նայելիս ՝յուրաքանչյուր մարդ մի կարևոր ասելիք է գտնում, որը մինչ այդ միայն իր հոգու մութ անկյունում էր թաքնված:
– Հետաքրքիր միտք հնչեցրիք՝ «մութ արվեստ»: Ի՞նչ ասել է՝ մութ արվեստ:
– Միստիկա, գոթիկա… Այդ ամենը հիմք է հանդիսանում «Darc art»-ի`մութ արվեստի համար: Եթե չեմ սխալվում՝ արվեստի այդ ուղղությունը սկիզբ է առել 10-րդ դարից: Այն եղել է ճարտարապետության, նկարչության, գրաֆիկայի մեջ և արվեստի այլ ճյուղերում ևս: Իմ ներկայացրած ցուցահանդեսը գրաֆիկայի և լուսանկարչության միքս է:
– Ասում են՝ երբեք չես կարող իմանալ, թե կյանքի ո՞ր փուլում կամ ո՞ր միջադեպը պատճառ հանդիսացավ տվյալ արվեստագետի ձևավորման հարցում: Երբևէ փորձե՞լ եք վերլուծել, թե ի՞նչը սկիզբ դրեց միստիկայի և մութ արվեստի հանդեպ Ձեր հետաքրքրությանը:
– Հիշում եմ, երբ 8 տարեկան էի, շատ էի սիրում դեդեկտիվ գրականությունը: 30 տարի անց չեմ կարողանում հասկանալ, թե 8 տարեկան երեխային ինչո՞ւ էր հետաքրքրում դեդեկտիվը: Չգիտեմ՝ ինչո՞ւ, բայց հենց այդ տարիքից ինձ դուր էին գալիս մութ, դեռևս չբացահայտված իրավիճակները: Կարծում եմ՝ միստիկային անդրադառնալիս՝ փորձում ես ինչ-որ բանից թաքնվել, պաշտպանվել: Ինձ համար պաշտպանիչ երևույթներ են իմ լուսանկարները, որոնց մեջ կա էմոցիա, գույների խաղ…
– Ի՞նչ կարևոր ասելիք բերեց և միևնույն ժամանակ խլեց թվայնացումը՝ լուսանկարչության մեջ:
– Թվային լուսանկարչությունը բերեց անթիվ հնարավորություններ՝ ընթացքի առումով: Կորավ մի բան, որի բացակայությունն ամեն ինչ շատ թեթևացրեց, ինչը ոչ միշտ է դրական ազդում լուսանկարչության վրա: Այսօր լուսանկարիչ դառնալու խնդիր չկա: Լուսանկարիչ դաստիարակվելն է խնդիր: Բայց այդպես չեն կրթվում, իսկ դա շատ կարևոր է յուրաքանչյուր մասնագիտության մեջ: Ի դեպ, այդ «հեշտության» երևույթին կարող ենք ականատես լինել յուրաքանչյուր բնագավառում: Օրինակ, մարդ կարող է իր լուսանկարն ինտերնետով ուղարկել որևէ քասթինգ ստուդիա, և, եթե բախտը բերեց՝ նրան հավանում են և հրավիրում նկարահանման ինչ-որ սերիալում: Եվ նա արդեն «դերասան» է համարվում:
– Ամեն բնագավառում այդ «ֆասթ-ֆուդային» մակարդակի ի հայտ գալը որքա՞ն կարող է տևել:
– Միակ հուսադրող փաստն այն է, որ այդ «ֆասթ-ֆուդը» երկար չի դիմանում: Եվ քանի որ չկա ամուր հիմք, չի կարող լինել և շարունակություն: Անցնում-գնում է:
– Պրոֆեսիոնալի աչքով միգուցե դա բացասական երևույթ է, սակայն սկսնակի համար այդ ամենը գոնե հնարավորություն է՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է տվյալ ոլորտն իրենը:
– Այո, հնարավորություն ասվածը դրական երևույթ է: Ի վերջո, այդ մարդը գոնե հասկացավ այն, ինչ պետք է հասկանար:
– Ինչպե՞ս ի հայտ եկավ հայտնի, ճանաչում ունեցող մարդկանց բոլորովին այլ ոճում լուսանկարելու գաղափարը:
– 2011թվականին «Միստիկուս» նախագծի համար «Էլ սթայլ» ամսագրին առաջարկեցի մի խորագիր, որը կոնտրաստի մեջ կլիներ ամսագրի գլամուրային ձևաչափի հետ: Առաջին լուսանկարն արվել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
– Հասմիկ Կարապետյան և միստիկո՞ւս: Ստացվե՞ց:
– Այն էլ ինչպես: Բավականին հետաքրքիր արդյունք ստացվեց: Նա թևավոր հրեշի կերպարով ներկայացվեց այդ ֆոտոշարքում: Բոլոր մասնակիցներն իմ ընկերներն են եղել, որոնք, իմանալով, որ ես մի փոքր այլ մոտեցում եմ ուզում ցուցաբերել, սիրով համաձայնեցին:
– Համագործակցությունը ճանաչված մարդկանց հետ ի՞նչ տվեց Ձեզ, բացի գովազդից, իհարկե, և միաժամանակ ի՞նչ «շահեցին» նրանք:
– 11 տարի է, ինչ Հայաստանում զբաղվում եմ լուսանկարչությամբ: Անկեղծ ասած, միստիկուս ֆոտոշարքը երբեք գովազդի համար չեմ արել: Նախքան միստիկուսը եղել է համագործակցություն ընկերական շրջապատիս ճանաչված մարդկանց հետ: Այդ ժամանակահատվածում նրանց բոլորի ֆոտոսեսիաներն ու ձայնասկավառակների դիզայնը ես էի անում: Ուղղակի եկավ մի պահ, երբ զգացի, որ հոգնել եմ այդ պոպսա վիճակից: Զգում էի, որ այն, ինչ անում եմ, ինձ բացարձակ դուր չի գալիս: Այդ ամենի մեջ չկար իմաստ, չկար խորհուրդ, գաղափար: Ուղղակի սիրուն էր, և վերջ: Իսկ դա շատ քիչ է արվեստի համար: Եվ այդ ժամանակ փորձեցի իմ ձեռագիրը մտցնել, որ իմ արածից հաճույք ստանամ:
– Իսկ հնարավո՞ր է Արվին Քոչարյանին տեսնել կնունք, ծնունդ, հարսանիք նկարելիս:
– Ձև չկա: Եթե ասեն, որ տեսել են Արվինին հարսանիք նկարելիս, ուրեմն դա պլաստիկ վիրահատություն արած մեկն է եղել… Ես պետք է զգամ արվեստի շունչը:
– Որքա՞ն ժամանակ եք բնակվում Հայաստանում: Ամեն անգամ խոչնդոտների հանդիպելիս, թերևս, տալիս եք Ձեզ միևնույն հարցը՝ ինչո՞ւ մնացի Հայաստանում: Այսպե՞ս է:
– Տարին 2-3 անգամ այդ հարցն առաջանում է ինձ մոտ: Բայց, ինչպես առաջանում է, այնպես էլ վերանում է: Բոլորս էլ գիտենք՝ որոնք են Հայաստանի խնդիրները՝ շուկայից սկսած, վերջացրած սոցիալական հարցերով: Պահ է գալիս, երբ զգում ես, որ զզվել ես այդ ամենից: Ի՞նչ անել: Թողնել գնա՞լ: Ո՞ւր գնալ: Ես Թեհրանից եմ եկել և ամեն ինչ զրոյից եմ սկսել: Չեմ կարող թողնել այդ ամենն ու ընտանիքս վերցնել և հեռանալ: Հոգուս խորքում հասկանում եմ, որ չեմ ուզում հեռանալ: Հայաստանում ակնառու բացասականի կողքին կան մնայուն արժեքներ, որոնք յուրահատուկ մագնիսական ուժ ունեն:
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի և The LOFT-ի