Որքան շատ են լուսաբանվում ինքնասպանությունն ու հանցագործությունները, այնքան ավելանում են դրանց կրկնօրինակման դեպքերը. Վահրամ Միրաքյան

«Ագրեսիվ, սեռական բնույթ ունեցող ինֆորմացիան ազդում է մարդու բնազդների վրա, իսկ բնազդների վրա ազդող ինֆորմացիան մեծ լսարան գրավելու միտում ունի: Նմանատիպ բովանդակությունը կոմերցիայի տեսանկյունից շահավետ է, քանի որ մեծ լսարանն ավելի հեշտ է վաճառել ավելի թանկ գովազդատուներին»,- այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ 168.am-ի ու «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ԶԼՄ-ների մասին օրենքի գլխավոր թերություններից մեկն այն է, որ չկան չափորոշիչներ.

«Չափորոշիչեր որոշելու համար ստեղծում են հանձնաժողովներ, բայց դրա կազմում տարբեր ոլորտների մարդիկ են լինում, որոնցից յուրաքանչյուրն առավելությունը տալիս է իր ոլորտին. Մշակույթի ներկայացուցիչն ասում է՝ չափորոշիչները պետք է խիստ լինեն, բոլոր հեռուստաընկերությունները պետք է դառնան մշակութային, ինչը ծայրահեղ մոտեցում է, հեռուստատեսության ներկայացուցիչն ավելի բաց չափորոշիչների կողմնակից է, որպեսզի կոմերցիոն տեսանկյունից ավելի շահավետ լինի, և բախում է տեղի ունենում, արդյունքում՝ չափորոշիչներ չեն մշակվում:

Մի քանի փորձեր եղել են, ու բոլորն էլ՝ անարդյունք: Իրականում, տարբեր երկրներում նման չափորոշիչների օրինակներ կան, ու ցանկալի է, որ դրանց հիման վրա ինչ-որ բան ստեղծվի տեղեկատվական անվտանգության ոլորտի, ԶԼՄ-ները հետազոտող հոգեբանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա: 168.am-ի հարցին՝ հնարավոր չէ՞, որ, ասենք, ինքնասպանության, հանցագործությունների մասին նյութերի լուսաբանումը կանխարգելիչ ազդեցություն ունենա, նա պատասխանեց.

«Հետազոտող Դևիդ Ֆիլիպսը 1960-70-ական թվականներին, երբ այս թեման հետազոտել էր, անցյալին նայելով՝ վերցրել էր իրադարձություն, օրինակ՝ Մերիլին Մոնրոյի ինքնասպանությունը, ու դիտարկել, թե այդ շրջանում ինչ ինքնասպանություններ են եղել: Պարզել էր, որ ինքնասպանությունների թիվն այդ շրջանում մեծացել է, ու հատկապես այն ձևով են ինքնասպանություն գործել, ինչպես՝ Մերիլին Մոնրոն: Այսինքն՝ լուսաբանումը, ամեն դեպքում, առաջացնում էր կրկնօրինակում:

Հետաքրքիրն այն է, որ կրկնօրինակում առաջացնում էր, երբ առաջին լուրն էր անդրադառնում տվյալ դեպքին: Ինքնասպանությունն ու հանցագործությունը, ինչքան շատ են լուսաբանվում, այնքան կրկնօրինակումը մեծանում է: Դրանից խուսափելու համար կարելի է հետևել մի քանի սկզբունքների, օրինակ՝ մանրամասները չներկայացնել, լուրերի առաջին հորիզոնականում չներկայացնել, չներկայացնել՝ որպես խնդիրների լուծման տարբերակ:

Մեր հեռուստատեսությունում, հատկապես՝ սերիալներում, մարդուն ծեծելը, սպանելը, հանցագործությունը ներկայացվում են՝ որպես խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ: Բնականաբար, լսարանի մոտ դա կարող է կրկնօրինակում առաջացնել՝ նմանատիպ խնդիրների հանդիպելիս»:

Տեսանյութեր

Լրահոս