Թուրքիան պահանջում է ՌԴ-ից խուսափել Բոսֆորի նեղուցում սադրանքներից
Թուրքիան Մոսկվային բողոք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Բոսֆորի նեղուցով անցնելիս «Կեսար Կունիկով» դեսանտային նավի տախտակամածին կանգնած ռուս զինծառայողի ուսին եղել է զենիթահրթիռային համակարգ (ПЗРК):
Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին, այս մասին ասվել է ռուս դեսպանին, ով կանչվել է նախարարություն: Բացի այդ՝ Թուրքիայի արտգործնախարարությունում Ռուսաստանից պահանջել են խուսափել նմանատիպ սադրանքներից:
Իր հերթին, Անկարայում ՌԴ դեսպանության պրեսս-ատաշե Իգոր Միտյակովը RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Կառլովը դեկտեմբերի 7-ին իսկապես հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ-ի դեպարտամենտի ղեկավար Բուրակ Օզյուգերինի հետ, սակայն զրույցի դետալները հրաժարվել է ներկայացնել:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավի վրա զենիթահրթիռային համակարգով զինծառայողի հայտնվելը Բոսֆորի նեղուցում «սադրանք» է:
«Թե ինչպես պետք է անցնեն ռազմանավերը Բոսֆորով, բոլորը հիանալի գիտեն, այդ մասին գրված է Մոնտրյոյի կոնվենցիայում: Այն, ինչ նեղուցն անցնելիս եղել է ՌԴ-ի զինծառայողի ձեռքին, մենք գնահատում ենք որպես պոտենցյալ սպառնալիք, իսկ դեպքը՝ սադրիչ: Եթե ռուսական ռազմանավի զինվորն ի ցույց է դնում հրթիռային համակարգ կամ ինչ-որ այլ բան, որը նման է հակաօդային պաշտպանության համակարգի, ապա դա մաքուր սադրանք է»,- Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքերը մեջբերել էր BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեկտեմբերի 6-ին Hürriet Daily News-ը հրապարակել էր զենիթահրթիռային համակարգն ուսին ռուս զինծառայողի լուսանկարները:
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը: