Անկարան սպառնում է իր մոտ կանչել ՌԴ-ի դեսպանին Բոսֆորի նեղուցում ռուս զինվորի «սադրիչ» պահվածքից հետո. ԶԼՄ-ներ
Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է Անկարա կանչել ռուս դեսպանին, որպեսզի իր բողոքը հայտնի Բոսֆորի նեղուցում ռուսական ռազմանավի «սադրիչ» նավարկման կապակցությամբ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով թուրքական պաշտոնատար անձանց:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հրապարակել էին լուսանկար, որտեղ երևում է «Կեսար Կունիկովի» տախտակամածին կանգնած ռուս զինծառայողը՝ ուսին զենիթահրթիռային համակարգ: Զինծառայողը, ըստ թերթի, լուսանկարվել է երեկ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն տվյալ դեպքը որակել էր որպես «սադրիչ», նշում է պարբերականը:
«Թե ինչպես պետք է անցնեն ռազմանավերը Բոսֆորով, բոլորը հիանալի գիտեն, այդ մասին գրված է Մոնտրյոյի կոնվենցիայում: Այն, ինչ նեղուցն անցնելիս եղել է ՌԴ-ի զինծառայողի ձեռքին, մենք գնահատում ենք որպես պոտենցյալ սպառնալիք, իսկ դեպքը՝ սադրիչ: Եթե ռուսական ռազմանավի զինվորն ի ցույց է դնում հրթիռային համակարգ կամ ինչ-որ այլ բան, որը նման է հակաօդային պաշտպանության համակարգի, ապա դա մաքուր սադրանք է»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար այդ նեղուցը Միջերկրական ծով, այնուհետ՝ Համաշխարհային օվկիանոս դուրս գալու միակ ուղին է: