«Հարամելու ենք ձեր գողացած իշխանությունը, այստեղ ապրելը». Արամ Մանուկյան
«Երեկ ՀՀ ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ մի արգելք, խոչընդոտ, վարչական ղեկավար, իր կամքի վրա ազդել չի կարող, ու մենք ձեզ հետ միասին բոլոր նշածս արգելքները հաղթահարեցինք»,- այսօր Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ երեկ ՀՀ ժողովուրդը գնաց ու «ոչ» քվեարկեց, «ոչ»-ը հաղթել է, հաղթել է ոչ թե հավասարը՝ հավասարի, այլ 3-4 անգամ. «Մենք ունենք հիմքեր, հաշվարկներ, տվյալներ, ապացույցներ, տրամաբանական մի ամբողջ ուսումնասիրություններ: Ապրի մեր ժողովուրդը: Մեր հանձնաժողովի անդամները հրաշալի են աշխատել ու ապահովել են հաղթանակը շատ տեղերում: Եղել են տեղեր, որ ահաբեկումներ են եղել, կապ չունի, աղջնակներ կային, կանայք կային, բայց կարողացան պահել ձայները: Իշխանությունը այնպիսի հին լծակներ գործի դրեց, փորձեց անել այն, ինչ հնարավոր էր անել: Բոլոր տեղերում, որ մենք հաղթել ենք, 2-3, 4 անգամ ավելի են ձայները, քան որտեղ պարտվել ենք: Հալալ է այն մարդկանց, ովքեր եկան ու տեր կանգնեցին իրենց քվեին, ու ասացին, որ հայը արժանապատիվ է, ու եթե Սերժ Սարգսյանին քծնողները փորձել են ձայներ հավաքել, մեկ է՝ արժանապատիվ հայն է հաղթել»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենք նման շատ խախտումների դեպքեր երբեք չեն արձանագրել ու այսքան նյութ չեն հավաքել ու այդ ամենը հանձնված են իրավապահ մարմիններին, առաջիկա օրերին այս բոլորը վեր են հանվելու ու հրապարակվելու են. «Այնպես որ, եթե ֆիկտիվ թվով, նկարչությամբ զբաղված Սերժ Սարգսյանը արձանագրել է իր հաղթնակը, դա մնալու է իր կոկորդին, չենք թողնելու այսպես մնա: Մենք տեր ենք կանգնելու, մենք մեր ժողվորդի կողքին ենք լինելու, հարամելու ենք ձեր գողացած իշխանությունը, այստեղ ապրելը»: