ԵԽԽՎ-ն հրապարակել է նախնական մամուլի հաղորդագրություն. Հ. Նաղդալյան

Ասում է ԱԺ փոխնախագահ, ԵԵԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը

– Մամուլում շրջանառվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած երեք հոգանոց պատվիրակության, այսպես կոչված, գնահատականը՝ կապված դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի ընթացքի հետ: Կխնդրեինք պարզաբանել՝ ինչ է այն իրենից ներկայացնում.

– Կցանկանայի, որպեսզի մեր հանրությունը և լրատվամիջոցները հստակ տարբերակեին՝ հրապարակվածը ոչ թե գնահատական է, այլ նախնական մամուլի հաղորդագրություն՝ նախնական տեղեկատվություն հանրության համար: ԵԽԽՎ կանոնակարգով ընտրական գործընթացները դիտարկելու տարբեր ձևաչափեր կան: Առաջինը ՝ ընտրությունների լայնածավալ, ամբողջական դիտորդական առաքելություններն են, մինչև 40 մարդու մասնակցությամբ, որոնք իրականացնում են ողջ ընտրական գործընթացի դիտարկում՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ բուն ընտրության գործընթացի ժամանակ, և հետագայում վերլուծություն և գնահատականներ հնչեցնում զեկույցի տեսքով: Երկրորդը՝ ընտրությունների գնահատման առաքելությունն է, որը բաղկացած պետք է լինի 5 անդամից և որի գործառույթներն ավելի սահմանափակ են և այն չի իրականացնում որևէ նախընտրական առաքելություն:

Եվ կա երրորդ ձևաչափը, որը տեղի էր ունենում Հայաստանում ներկայումս՝ դա ընտրությունների առիթով Վեհաժողովի անդամների (5 հոգուց պակաս) ներկայությունն է՝ մինչ ընտրությունները կամ դրանց ընթացքում՝ առանց դրանց պաշտոնական դիտարկման կամ գնահատման՝ «c. Presence on the Occasion of Election of Assembly members during and/or just before an election without a formal observation or assessment of it».- մեջբերում ԵԽԽՎ Կանոնադրությունից: Այս առաքելությունը հետագայում իր եզրահանգումներն է անում հուշագրի տեսքով և ներկայացնում Բյուրոյին: Այսինքն՝ այս առաքելությունը նպատակ չի հետապնդում հրապարակելու զեկույց, կամ գնահատականներ, ինչպես դա արվում է դիտորդական առաքելությունների դեպքում, այլ ընդամենը պատրաստում է տեղեկատվություն՝ Բյուրոյի համար, որն ի դեպ, ի տարբերություն մյուսների, ոչ թե զեկույցի տեսքով քննարկվում է Բյուրոյի և այնուհետև հաստատվում լիագումար նիստերում, այլ ընդամենը հաղորդագրություն է Բյուրոյի համար:

Այն նախնական հաղորդագրությունը, որն այսօր հրապարակվել է, ԵԽԽՎ երեք անդամների դիտարկումներն են, հղումներ այն խնդիրներին, որոնք արդեն նշվել են նախկին ընտրական գործընթացների ժամանակ՝ ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից:

Քանի որ սա կարճաժամկետ և ոչ դիտորդական առաքելություն է և ի սկզբանե չի ունեցել նախընտրական միսիա, այսինքն՝ հնարավորություն ողջ տեղեկատվությանը տիրապետելու, մենք այժմ պետք է իրենց կողմից նշված խնդիրների վերաբերյալ պատրաստենք մեր օրենսդրական և այլ տեղեկատվությունը, որպեսզի սրանց հիման վրա մեր եվրոպացի գործընկերները ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը Բյուրոյին:

 

Տեսանյութեր

Լրահոս