Բաժիններ՝

ՌԴ-ի հետ խզումը Թուրքիային կարող է արժենալ 9 մլրդ դոլար. Թուրքիայի փոխվարչապետ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կարող է կորցնել 9 մլրդ դոլար, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը տեղի հեռուստատեսության եթերում:

Այսպես, ըստ Շիմշեկի, Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը անցանկալի է, քանի որ Անկարան նախկինի պես Ռուսաստանին դիտարկում է որպես «կարևոր գործընկեր»:

«Ճգնաժամի ամենաառաջին օրվանից սկսած՝ մենք քննարկել ենք բոլոր կողմերն ու պատրաստվել ենք միջոցառումներ ձեռնարկել, եթե Ռուսաստանը հետագայում ևս երկխոսության չգնա: Վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կկորցնի մոտ 9 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի գրեթե 0,3-0,4%-ն է: Հուսով եմ՝ երկխոսություն, այնուամենայնիվ, տեղի կունենա»,- ասել է նա:

Թուրքիայի փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ նվազել է Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը 603 հազարով, շինարարական ոլորտում նկատվել է դանդաղում:

Շիմշեկը հայտնել է, որ թուրքական գերատեսչությունները քննարկել են ՌԴ-ի պատժամիջոցներին հակազդելու պլանները:

«Պատրաստ են միջոցառումներ, որոնք վերաբերում են Ռուսաստանից Թուրքիայի ունեցած էներգետիկ կախվածությանը: Առաջարկությունները ես ուղարկել եմ վարչապետին»,- ասել է նա:

Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները վատացել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի կործանումից հետո: Ի պատասխան՝ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս