2015թ. առաջին կիսամյակում քննվել է անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 38 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինը քննության աջակցության վարչության հետ միասին ուսումնասիրել է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով անչափահաս տուժողների իրավունքների պաշտպանության վիճակը։
2015թ. 1-ին կիսամյակում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 38 քրեական գործ: Նշված գործերից 21-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 6 գործով վարույթը կարճվել է (5 դեպքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, 1 դեպքում՝ հանցանք կատարած անձի մահվան հիմքով), 3 քրեական գործով վարույթը կասեցվել է (որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունն անհայտ լինելու պատճառաբանությամբ), 8 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
38 քրեական գործերի գերակշիռ մեծամասնությունը՝ 28-ը, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ), 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողություններ), 3-ը՝ 138-րդ հոդվածով (բռնաբարություն), 2-ը՝ 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 1-ը՝ 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), որոնցից 3 դեպքով քրեական գործերը հարուցվել են նշված հոդվածներով նախատեսված հանցագործությունների համակցությամբ:
Նշված գործերով անչափահաս տուժողներից 4-ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ, մյուսները՝ իգական: Ընդ որում, քննարկվող ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների գերակշիռ մասն արձանագրվել է ՀՀ մարզերում։
Հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը՝ 28-ը, եղել են 14-16 տարեկան, 8-ը՝ մինչև 14 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան: Որպես ենթադրյալ հանցանք կատարած անձինք՝ մատնանշվել են մեծամասամբ 20-30 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ (26), այնուհետև՝ 30-ից բարձր՝ մինչև 57 տարեկան անձինք (8) և 14-20 տարեկան անձինք (5):
Ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 47 տոկոսն արձանագրվել է ընտանիքի անդամների կողմից։
Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ անչափահաս տուժողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնք քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում։
Մասնավորապես՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասների նկատմամբ կատարված սեռական հանցագործությունների գործերի քննությունը մարզային ստորաբաժանումներում որոշ դեպքերում իրականացվել են նման գործերի քննության մեջ չմասնագիտացած քննիչների կողմից, անչափահաս տուժողները նույն քրեական գործի շրջանակներում, որպես կանոն, հարցաքննվել են մի քանի անգամ (երեք և ավելի), ինչից հնարավոր կլիներ խուսափել անչափահասների հարցաքննությունը պատշաճ պլանավորվելու, հարցաքննության ընթացքում անչափահասներին տրվող հարցադրումները մանկավարժի կամ հոգեբանի հետ քննարկելու արդյունքում։ Ավելին՝ ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ երբեմն անչափահասներին տրված հարցադրումների ձեւակերպումները չեն համապատասխանել հարցաքննված անչափահասի տարիքային և մտավոր զարգացվածության աստիճանին, տուժող երեխաների առերեսումներն իրականացվել են անմիջականորեն, ոչ մի գործով չի կիրառվել «միջնորդավորված առերեսման» մեթոդը:
Հանձնարարվել է նաեւ մինչև Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում անչափահասների հարցաքննության սենյակների կահավորումը, մանկապարտեզ հաճախող և ցանկացած այլ տարիքի անչափահաս տուժողի հարցաքննությունն առավել հարմարավետ և անկաշկանդ պայմաններում անցկացնելու նպատակով միջոցներ ձեռնարկել՝ նրանց հարցաքննությունը նախադպրոցական հաստատություններում կամ հիմնական դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ: Միաժամանակ կարեւորվել է տուժող երեխայի անձնական տվյալների գաղտնիության ապահովումը` վերջինիս երկրորդային զոհացումից պաշտպանելու, ինչպես նաև՝ հասարակությունում երեխայի ինտեգրմանն աջակցելու համար:
2015 թվականին անչափահասների հարցաքննության առանձին սենյակներ են վերակառուցվել ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզային քննչական վարչությունների վարչական շենքերում։ Անչափահասների հարցաքննությունների հատուկ սենյակների առանձնացումը նախատեսվել է ՀՀ քննչական կոմիտեում (այսուհետ՝ բարեփոխումների 2015-2017 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի նախագծով)։