 
                        Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
 
                                    Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Հուշահամալիր են այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, մտավորականներ, տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների կոլեկտիվներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերին նվիրված՝ տեղի է ունեցել ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն:

«Մեր ժողովուրդը նման արհավիրքներ շատ է տեսել, բայց մեզ ոչինչ չի ընկճել. վիշտը մեզ համախմբել է, դարձրել ամուր ու կենսունակ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի տնօրեն Վիլեն Ղահրամանյանը
Հիշատակի արարողություններ են կատարվել Արցախի շրջաններում ևս:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով՝ աղետալի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը:
Տուժել է մոտ 350 գյուղ, որից 58-ը՝ ամբողջությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        