«Հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային 2 առաքելություն խախտել է միջազգային սկզբունքները». օտարերկրյա դիտորդներ
«Հանրաքվեի պաշտոնական արդյունքներն աղճատված են»,- «Հանրաքվեի դիտարկման արդյունքները՝ ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասացին Նորվեգական հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը, Ուկրաինայի Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ Սերգիյ Տկաչենկոն և EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցության ներկայացուցիչ Ռոման Ուդոտը։
Լենե Վեթելանդը նշեց, որ հարթակը Հայաստանում ներկայացված էր փորձագիտական առաքելությամբ տարբեր երկրներից։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ իշխանություններն իրենց, որպես դիտորդներ, չհավատարմագրեցին, սակայն նրանք դիտորդական առաքելություն իրականացրին «Քաղաքացի դիտորդ» հարթակի կազմում՝ ունենալով լուրջ ներկայություն շուրջ 500 ընտրատեղամասում։ «Լուրջ ճնշում կար դիտորդների նկատմամբ։ Այդ ճնշումն արտահայտվում էր ոչ միայն ահաբեկումների, այլև հարձակումների տեսքով, իսկ ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները հրաժարվում էր ինչ-որ բան անել այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք քարոզչությունից, բուն հանրաքվեից ևս։ Շատ էին ահաբեկման դեպքերը»,- վստահեցրեց բանախոսը։
Իր հերթին՝ Ռոման Ուդոտն ասաց, որ պետք է վիճակագրական որոշ վերլուծություններ կատարեր, բայց երեկ նկատեց, թե ինչպես են աղճատվում այն տվյալները, որոնք պետք է վերլուծեր։ Ըստ նրա՝ երեկ առաքելություն է իրականացրել 6 տեղամասում, որոնցից երեքում լցոնում է եղել, որը տեսանկարահանվել է։ Ուդոտի խոսքով՝ դժվար է վերլուծել տվյալներ, որոնք կեղծված և աղճատված էին դեռ երեկ։
«Երկու տարբեր Հայաստաններ տեսա, մի Հայաստանը որոշել է «ոչ» ասել, մյուսը՝ «այո»։ Ես ընտրակեղծիքի՝ լցոնման ականատես եղա»,- ասաց Ուդոտը։ Սերգիյ Տկաչենկոն խոսեց ՀՀ-ում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների անաչառ մոտեցման մասին։ Տկաչենկոյի դիտարկումներով՝ վեց միջազգային առաքելություններից երկուսից խախտել են միջազգային նորմերը։ Խոսքը, ըստ նրա, ԱՊՀ առաքելության մասին է, երբ դիտորդները կեսօրին՝ 12:00-ին, հայտարարեցին, որ արձանագրել են օրենքի սահմանում անցկացվող քվեարկություն, քաղաքացիներն իրենց պարտքն են կատարում, տեղեկատվությունը, ըստ պատշաճի, տրամադրվում է։ Երկրորդ խախտումը Տկաչենկոն նկատել է ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչ Վլադիմիր Չուրովի կողմից, ով ևս, ըստ իրավապաշտպանի, մինչ քվեարկության ավարտն ասաց, որ բոլոր գործընթացները պահպանվում են, խախտումներ չեն արձանագրվում։ «Միջազգային հանրությունն ընկնում է շփոթության մեջ»,- ասաց Սերգիյ Տկաչենկոն։