«ՀՀ ընտրական համակարգի նկատմամբ համատարած, համակարգված, աննախադեպ ահաբեկչություն տեղի ունեցավ»․ Արթուր Սաքունց

«Կիրառվել են աննախադեպ ճնշումներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ անցկացված հանրաքվեի ընթացքում իր ղեկավարած կառույցի իրականացրած դիտորդական առաքելությանը՝ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա ընդգծեց, որ քվեարկությունից հետո ԿԸՀ ներկայացրած տվյալներն իրականության հետ աղերս չունեցող տվյալներ են, ավելին՝ դրանք նկարված են։ Ըստ նրա՝ լցոնումները, դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումները, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությունները, լրագրողների նկատմամբ ճնշումները, քաղաքացիների ուղղորդված տեղափոխումը տեղամասից տեղամաս, բացի այն հրապարակումներից, որոնք երեկ հեղեղել էին ԶԼՄ-ները, հիմնական խախտումներն են, որոնք երեկ արձանագրել են։ Ա. Սաքունցը փոխանցեց, որ մի քանի դեպքերով քրեական հաղորդում են ներկայացրել։

«Բայց ես կցանկանայի մի հետաքրքիր տվյալ ներկայացնել, քանի որ զուգահեռ՝ հաշվարկում էինք ընտրողների թիվը։ Առնվազն մեր դիտորդների հաշվարկած թվի և պաշտոնական թվի մեջ կա մեծ տարբերություն, դա խոսում է բացակաների փոխարեն քվեարկության փաստի մասին: Ոստիկանությունը և ընտրական հանձնաժողովները, որոնք պարտավորություն ունեին ապահովել օրենսդրության նորմերը, բացարձակապես անգործության էին մատնված։ Երբ դիտում ենք՝ ինչպես են ճանապարհային ոստիկանները որսորդություն անում քաղաքացիների տուգանելու ուղղությամբ, տեսնում ենք՝ անգործության են մատնված թաղային հեղինակությունների ներգրավմամբ մարդկանց տեղամասեր բերելու ուղղությամբ։ Զարմանալի է, որ մարդիկ մատը մատին չեն տալիս, ասում են՝ դիտորդներն ինչի՞ համար են։ Ասեմ, որ դիտորդները դիտելու համար են, ոչ թե պատասխանատվության ենթարկելու։ Երեկվա հանրաքվեն իրապես կենսական նշանակություն ուներ, ինչպես նախագահականը՝ Սերժ Սարգսյանի համար»,- նշեց Արթուր Սաքունցը՝ շարունակելով, որ ճնշումն աննախադեպ է եղել։ Նա տեղեկացրեց, որ   ստիպված է եղել 30/35 տեղամասում արդեն դիտորդի նկատմամբ կիրառված ճնշումների հետևանքով գնալ տվյալ ընտրատեղամաս և փոխել դիտորդին։ Ըստ նրա՝ դիտորդներից մեկին, որը 24-րդ դպրոցի ուսուցիչ է եղել, ասել են՝ գիտեն, որ ուսուցիչ է, պետք է հեռանա և չխոչընդոտի իրենց գործունեությանը, քանի որ կհեռացվի աշխատանքից։

«Սրանք էպիզոդներ չեն։ Ես առաջին անգամ եմ արձանագրում նման ճնշումներ մեր դիտորդների նկատմամբ, դա աննախադեպ է, սա՝ որպես ներածություն։ Երեկ համատարած, համակարգված ահաբեկչություն էր տեղի ունենում ՀՀ ընտրական համակարգի նկատմամբ, մասնակիցների նկատմամբ և բացարձակապես անգործություն պետական մարմինների կողմից։ Ինչո՞ւ ԿԸՀ-ն պետք է դիտարկի միայն դիտորդների դիմումները, ինչո՞ւ այլ դիմումներ չեն ստանում։ Մենք ունենք երկու Հայաստան։ Այն Հայաստանը, որը ներկայացվում է, և այն Հայաստանը, որն իրական է։   Ներկայացվելիք ՀՀ-ն ներկայացվում է՝ որպես իրական՝ այն դեպքում, երբ գիտենք՝ ինչպիսին է իրական Հայաստանը։ Անհեթեթություններով շղարշելն ուղղակի խղճալի է, անընդհատ չի կարող լինել։ ՀՀ քաղաքացիները երեկ «ոչ»-երով ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացին քաղաքակրթության կողմնակից է, սակայն կան հակաքաղաքակրթական մոտեցում և գործելակերպ ունեցողներ, որոնք ուզում են կասեցնել այդ դիրքորոշումը»,- ասաց Ա. Սաքունցը՝ ավելացնելով, որ ունեն փաստեր իրենց խոսքը փաստարկված ներկայացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս