Ըստ ԱՊՀ դիտորդների՝ հանրաքվեն գերազանց է անցել
Այսօր ԱՊՀ դիտորդների ասուլիսին, ինչպես և ենթադրվում էր, լսեցինք, որ հանրաքվեն անցել է ազատ, արդար, խախտումներ չեն արձանագրվել այն տեղամասերում, որտեղ իրենք են եղել:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սլոբոդա Եվգենի Ալեքսանդրովիչն ասաց, որ թվով 58 տեղամասերում ունեցել են դիտորդներ, ովքեր հետևել են քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփմանը. «Խուսափել ենք կրկնակի քվեարկության դեպքերից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ հանգիստ, խաղաղ մթնոլորտում և օրենքի շրջանակներում է ընթացել»:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալին էլ նշեց, թե արձանագրել են, որ ընտրողներին հնարավորություն է տրվել՝ իրենց կամքն ազատ արտահայտել:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս են խոսում ազատ, արդար ընտրությունների մասին այն դեպքում, երբ երեկ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, տարբեր տեղամասերում եղել են լցոնումներ, բաժանվել են ընտրակաշառքներ, և այլն, Եվգենի Ալեքսանդրովիչը պատասխանեց, թե իրենք խոսում են միայն այն տեղամասերի մասին, որտեղ դիտորդական առաքելություն են իրականացրել.
«Այդ տեղամասերում մեր դիտորդները որևէ խախտում չեն արձանագրել: Ես Երևանի 18 ընտրատեղամասում եմ եղել ու տեսել, թե ինչպես են նրանցից 5-ում լրագրողները հանգիստ աշխատում, նրանց աշխատանքը չէր խոչընդոտվում: Ինչ վերաբերում է այն խախտումներին, որոնց մասին հաղորդվել է Ոստիկանություն, բոլոր փաստերը ստուգվում են: Դա իրավիճակը չի փոխում: Տեսեք, թե «այո»-ի ու «ոչ»-ի ձայների միջև ինչ հսկայական տարբերություն կա, ինչպե՞ս կարող են այդ խախտումներն ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Նաև հավելեմ, որ մեր վերջնական եզրակացությունը կհրապարակենք այն ժամանակ, երբ կլինեն ԿԸՀ-ի վերջնական արդյունքները»,- ասաց նա: