Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը տեղամասում պարզել է, որ իր, քրոջ և մայրիկի փոխարեն արդեն քվեարկել են
Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Հասմիկ Ռաֆայելյանս, մայր ու քույրս գնացել էինք հանրաքվեին մասնակցելու Երևան քաղաքի 8/08 տեղամասում (Մալաթիայում), որտեղ պարզեցինք, որ մեր փոխարեն արդեն քվեարկել են, նշված էր կոնկրետ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ: Մոտ երեսուն րոպե վիճաբանությունից հետո, որ արձանագրություն կազմեն ու ապահովեն մեր սահմանադրական իրավունքը, որ կարողանանք մասնակցել հանրաքվեին, այդպես էլ ոչ մի գործողություն չարվեց հանձնաժողովի անդամների, նախագահի, քարտուղարի, ով ՀԱԿ-ն էր իբր թե ներկայացնում, վստահված անձանց ու ոստիկանության կողմից.
Սկսեցին տարբեր հեքիաթներ պատմել, որ դա երևի տեխնիկական սխալ է,
– բերեցին տարբեր մարդկաց, իբր նրանք են շփոթմամբ մեր տեղը քվեարկել, ինչը զուրկ էր տրամաբանությունից /նրանց հասցեն էջի վերջում էր, մերը սկզբում/,
– իմացան որ փաստաբան եմ, ասեցին, հենց քե՞զ պետք է ռաստ գայինք,
– հանրապետականի ներկայացուցիչը, որ բեյջ չուներ և իրավունք չուներ գտնվելու այդ տարածքում, փորձում էր հարցը լուծել իր ձևերով, ինձ լռեցնելով,
– բարգավաճի ներկայացուցիչն ասում էր, հիմա այս քսան հոգուն թողնելու ենք, քո հարցով զբաղվենք, իսկ ես որ բազմիցս պնդեցի, որ սա կեղծիք է, նաև ավելացրեց, որ նման բան անելու դեպքում յոթի-ութի կողմերն են անում, ոչ թե մեկին, ես ավելացրեցի: <<Այնքան եք չափ անցել, որ այդ ժամին էլ չեք սպասում>>, նա ասաց, որ ես ինչ սազական չեմ պահում, ես ասեցի, որ ինձ շատ ճիշտ եմ պահում, ու խնդրում եմ կազմել արձանագրություն,
– տեսան, որ շատ եմ խոսում, մեզ հրավիրեցին դուրս, ու մոտ քսան տղամարդ փորձեցին իրենց գողական ձևերով ինձ համոզել, որ ոչ մի խնդիր չկա, մի շենքի մարդ ենք էլի, մեկս մեկի տեղը կարող ենք ստորագրել,
– առաջարկեցին առանց խախտումը արձանագրելու տալ քվեաթերթիկ, որ կատարենք մեր ընտրությունը, առանց ստորագրելու ընտրողների ցուցակում,
– ստեղծեցին վախի մթնոլորտ, ոչ մի թիկունք չկար «ՈՉ» ասողներիս, ոչ մի ընդդիմություն, և մենք այդպես էլ չկարողացանք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մասնակցել հանրաքվեին,և այդ վախի մթնոլորտում ես հիմա չեմ կարող կրկին գնալ ընտրատեղամաս ու կրկին պահանջել, որ արձանագրություն կազմեն.
Պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ.
Հ.Գ. Առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանիքիս հետ կգնամ այն երկիր, որտեղ կլինեմ պաշտպանված ու կկարողանամ լիարժեք օգտվել իմ իրավունքներից, ապրել ոչ թե վախի մթնոլորտում, այլ ազատ»: