«Շատ կարևոր են քաղաքացիների այսօրվա գիշերային ընդվզումները. պետք է երթով գնանք ԿԸՀ-ով, Բաղրամյան». Անդրիաս Ղուկասյան
«Արդեն արդյունքները չեղյալ ճանաչելու համար հիմք է ուրվագծվում: Ամփոփ գնահատական մենք կունենանք ժամը 20:00-ի դրությամբ: Շատ օգտակար է, որ բոլոր խախտումներն օնլայն են արձանագրվում, և ամբողջ, այսպես ասած, պատկերավոր վիճակը մենք ունենալու ենք ընտրատարածքների փակման պահին: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այնքան ցայտուն են և ակնհայտ այդ խախտումները, որ այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Շահումյանի անվան դպրոցում, արձանագրվել է դեպք՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Հմայակ Հովհաննիսյանի կողմից, որ 4 երիտասարդ առավոտվանից դիրքավորվել էին ընտրատեղամասի մուտքի մոտ և քաղաքացիների ազատ կամքի արտահայտման նկատմամբ ազդեցություն էին կիրառում:
Ժամը 13:00-ի դրությամբ կասեցվեց դա՝ Հմայակի միջամտությամբ, այդ փաստն արձանագրվեց և հայտարարություն արվեց Ոստիկանություն՝ քրեական գործի վերաբերյալ: Նման դեպքերը վկայում են, որ ճգնաժամ կա»,- Ազատության հրապարակում 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ ունեն սոցիալական հարցումների տվյալներ, որոնց մասին խոսելու իրավունք հիմա չունեն. «Նույնը, բնականաբար, ուներ նաև ՀՀԿ-ն, հասկանալի է՝ ինչու են այդպիսի բաներ անում: Ցանկացած գնով, զոռբայությամբ հանրաքվեի անցկացումը, ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա բռնացումը հետևանք է նրա, որ «Այո»-ի կողմնակիցները նախորդ փուլում՝ քարոզարշավում, ըստ էության, չեն հասել իրենց ուզած արդյունքին: Շատ կարևոր են քաղաքացիների այսօրվա գիշերային ընդվզումները, պետք է երթով գնանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Բաղրամյան: Երկու երթ է նախատեսված, և իրավիճակը պիտի լինի այնպիսին, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մեր ժողովուրդն այդ կեղծված արդյունքների հետ համաձայն չէ»: