«Այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է»

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն: Լրագրողները Նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին:

Արտակ Ալեքսանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, հաշվի առնելով, որ գործընկերներս հիմնական հարցերը տվեցին, թույլ տվեք իմ հարցը Սահմանադրությունից չլինի: Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն իրականացրեց, ավելի քան երկու տասնյակ մարդ ձերբակալված է: Ինչպե՞ս եք գնահատում գործողությունը, կա՞ն արդյոք նախաքննությամբ հայտնաբերված նոր փաստեր կամ մանրամասներ:

Սերժ Սարգսյան– Իհարկե՛, նախաքննության հետ կապված որևէ բան ես չեմ հրապարակի, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը: Ու մենք ուղղակի պետք է շնորհակալություն հայտնենք, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին, և՛ Ոստիկանությանը` այդ աղետը կանխելու համար: Բայց այստեղ ես ուզում եմ, ուղղակի, մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել իրականացված աշխատանքը: Մինչդեռ, այս մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել:

Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում, այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան:

Կարդացեք նաև

Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք Ազգային անվտանգության մարմիններին: Իհարկե, վստահ եմ, որ այդ մարդիկ փոքրամասնություն են մեր հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ Հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը: Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել:

Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում: Երբ գործողությունը տեղի է ունենում, այն ժամանակ են ասում` բա ինչո՞ւ չկանխարգելեցիք: Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ազգային անվտանգության մարմիններին, մեր աշխատողներին, օպերատիվ կազմին, տեխնիկական կազմին ու նաև, իհարկե, Ոստիկանությանը` այդ գործողությունները բարձր մասնագիտական մակարդակով անցկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս