
ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան փակի սահմանը ԴԱԻՇ-ի զինյալների համար

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան հավելյալ զորքեր տեղակայի Սիրիայի հետ իր սահմանի երկայնքով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում կարծում են, որ այդ քայլը կօգնի փակել 60 մղոն երկարություն ունեցող սահմանը ԴԱԻՇ-ի զինյալների համար:
ԱՄՆ-ը դեռ չի նշել անհրաժեշտ զորքերի կոնկրետ թիվ: Սակայն, ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, սահմանը փակելու համար հարկավոր է մոտ 30 հազար զինվոր: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Խաղի կանոնները փոխվել են: Սահմանը հարկավոր է փակել: Խոսքը միջազգային մասշտաբի սպառնալիքի մասին է, որը գալիս է Սիրիայից ու անցնում Թուրքիայի տարածքով»,- պարբերականը մեջբերում է ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
Հայտնի է, որ թուրք պաշտոնյաները համաձայնել են խստացնել սահմանային հսկողությունը ու արդեն սկսել են որոշ քայլեր ձեռնարկել: