
Փարիզի առանցքային ահաբեկիչներից Սալահ Աբդեսլամը մեկնել է Սիրիա. ԶԼՄ-ներ

Փարիզի ահաբեկչությունների առանցքային կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, ուղևորվել է Սիրիա: Այս մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ինչպես հայտնի է, Աբդեսլամին է պատկանել այն Polo ավտոմեքենան, որով ահաբեկիչները եկել էին Փարիզի Bataclan համերգասրահ: Նրա 31-ամյա եղբայր Իբրահիմը եղել էր մահապարտներից մեկը, ով պայթյուններ էր իրականացրել Bataclan-ում:
Պարբերականի տվյալով՝ ահաբեկիչը, ում ակտիվորեն որոնում էր ոստիկանությունը, Փարիզի դեպքերից հետո մեկնել է Բրյուսել, որոշ ժամանակ թաքնվել Սքարբեք կոմունայում, ապա ծանոթների օգնությամբ հեռացել Բելգիայից: Հավանաբար, տղամարդը ներկայում Սիրիայում է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում պայթյուններն ու հրաձգությունը տեղի էին ունեցել նոյեմբերի 13-ին: Պաշտոնական տվյալով՝ Փարիզի ահաբեկչություններին զոհ է դարձել 129 մարդ, ևս 352 մարդ ստացել է վնասվածքներ: