
Բողոքող բնակիչները փորձում էին փակել Տիգրան Մեծ փողոցը

Այսօր կառավարության շենքի առջև հերթական անգամ բողոքի էին հավաքվել Երևանի Կոնդի և Ֆիրդուսի շուկայի հարակից թաղամասի բնակիչները: Նրանք ամեն գնով հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Վարչապետ, վարչապետ» վանկարկելուց հետո ցուցարարները փորձեցին փակել Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկաններն անմիջապես միջամտեցին ու հեռացրեցին նրանց փողոցից: Նրանց մոտ իջան վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը և կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Ցուցարարները պահանջում էին վերջապես պատասխան տալ սեփական տներից իրենց ութ տարվա «աքսորի» համար: Նրանց խոսքով՝ այդ վիճակում են շուրջ 200 ընտանիքներ: Ա.Ղազարյանը խոստացավ վաղը պատասխան տալ Կոնդի բնակիչներին և հորդորեց զանգել իրեն:
Հ.Դավթյանն էլ Ֆիրդուսի բնակիչներին հայտարարեց, թե ցուցակներ են կազմում, խումբ-խումբ վճարում են, և խոստացավ, որ վաղը 11 բնակիչ կստանա տան համար հատկացված գումարները: