Զուրաբյանը Դատախազությանը կհանձնի ընտրակեղծարարության տեսագրված փաստ
«Կարելի է արձանագրել «Ոչ»-ի քարոզչական հաղթանակը»,- այս մասին այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում ընդդիմության ներկայացուցիչների և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ այն հանգվանային պահն է, երբ տասը օր է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, և հնարավորություն է ստեղծվում ամփոփելու անցած ուղին, քարոզարշավի ընթացքում գրանցված ցնցող իրադարձությունները: Նրա խոսքով՝ այս ընթացքում կայացել է մի շատ կարևոր բան՝ ՀՀ ժողովրդի, ընդդիմադիր ընտրազանգվածի կոնսոլիդացիան, առաջին հերթին՝ կայացել է շնորհիվ այն հանգամանքի, որ սա ընտրություն չէ, որը պետք դառնա մրցակցություն թեկնածուների միջև, ծրագրերի, կուսակցությունների միջև, սա ճակատագրական ընտրություն է հայ ժողովրդի համար, որը կամ պետք հաշտվի իրեն կեղեքող ռեժիմի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյատևման շարունակականության հետ, որն աղետ է մեր երկրի համար, կամ պետք վճռականորեն թոթափի այդ ռեժիմը:
Լ. Զուրաբյանի որակմամբ՝ ամենակարևոր արդյունքը, որն իրենք ունեն, այդ միասնականությունն է, որը կայացել է: «Այո, ընդդիմադիր ուժերը նույնպես միասնական են սահմանադրական փոփոխությունները մերժելու հարցում, միասնական են կեղեքիչ, գիշատիչ, սա քաղաքագիտական տերմին է, այլևս ունենք գիշատիչ ռեժիմ և ճակատագրական հնարավորություն է ստեղծվել թոթափելու այս ռեժիմը:
Քարոզարշավի ընթացքում հասել ենք երեք նպատակի՝ ժողովուրդն ամբողջությամբ ընկալել է, որ սահմանադրական փոփոխությունները հավասար են Սերժ Սարգսյանի ռեժիմին, երկրորդ կարևոր նպատակը, որին մենք հասանք քարոզարշավի ընթացքում, այն է, որ «ոչ» ասելու և Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացման միջև նույնպես դրվել է հավասարության նշան ժողովրդի գիտակցության մեջ:
Երրորդ նվաճումը, որը դեռ ընթացքի մեջ է, ժողովուրդը հասկացել է՝ դեկտեմբերի 6-ին ունենալու է պատմական շանս՝ գնալու զանգվածաբար քվեարկելու «ոչ», հավասարության նշան է դրվել «ոչ»-ի քվեարկության և ընտրակեղծարար մեքենայի ջախջախման միջև: Այսօր ժողովուրդը հանգել է այս գնահատականներին, հասկանալի է դառնում, որ իշխող ռեժիմը չունի բանալին, թե ինչպես պետք է վարվի իր նպատակներին հասնելու համար, եթե ժողովուրդը զանգվածաբար գնա տեղամասեր և քվեարկի «ոչ»»,- ասաց Զուրաբյանը:
Վերջինիս կարծիքով՝ ակնհայտ է, որ նրանք շատ լավ հասկանում են, որ քարոզարշավը տանուլ են տվել, այն այլևս տապալված է, նրանք շատ լավ գիտեն, որ նրանց ավանդական մեթոդները չեն աշխատում, չի աշխատում ադմինիստրատիվ ռեսուրսը: Զուրաբյանն ասաց՝ իշխանությունները հասկացել են, որ տվյալ վիճակում իրավիճակի փրկության հնարավորությունն այն է, որ տեղամասերում կեղծեն արձանագրությունները, դրա համար պետք է հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց անել գաղթակղիչ առաջարկներ, ովքեր կստորագրեն կեղծված արձանագրությունները:
«Ուստի մոտենում են մարզպետները, հանձնաժողովների հանրապետական նախագահները, քաղաքապետները և մարդկանց ուղղակիորեն առաջարկում են կաշառք ու խոստումներ: Ուզում եմ հայտարարել մեկ բան՝ մեր շատ հանձնաժողովականներ, չցանկանալով այլևս հանդուրժել նման կեղտոտ գործունեություն, դիմում են լուրջ քայլերի՝ նրանք տեսագրում են, ձայնագրում այդ հանդիպումները և ապացույցները ներկայացնում մեզ:
Նման մի տեսագրություն, վկայություն ուղարկելու ենք Գլխավոր դատախազություն, շատ ունենք, ուղարկում ենք միայն մեկը: Խոսել եմ Գլխավոր դատախազի հետ, պայմանավորվել ենք, որ այսօր այդ հաղորդումը հանցագործության մասին տրամադրվելու է Դատախազությանը, ունենք անհրաժեշտ ապացույցները: Այս փաստի հետաքննությունը Դատախազության կողմից կհուշի՝ ինչպես վարվել այլ փաստերի հետ: Մեկ օրինակի վրա կցուցադրենք՝ ինչպիսին է այս իրավապահ մեքենայի վերաբերմունքն ապացույցներին: «Ոչ»-ի քարոզչական հաղթանակը կարելի է արձանագրել դեկտեմբերի վեցից տասը օր առաջ»,- ասաց Լ. Զուրաբյանը: