Անդրիաս Ղուկասյանը ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի օպերացիան նմանեցնում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին

««Հայոց վահան» նախաձեռնությունը ես միշտ դիտարկել եմ՝ ԱԱԾ-ի հովանու ներքո գտնվող ինչ-որ նախաձեռնություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վնասազերծված զինված խմբի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում (ըստ վարկածների՝ Իսպանիայում.- Ա.Ք.) բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Ասուլիսի բանախոս Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ թե ինչ է պլանավորել խումբը, պետք է ապացուցեն, դա ինչ-որ պաշտոնյայի ասածով չէ:

«Մեր կողմից կանխատեսվում էր, որ նման մի «քեյս» կարող է մտնել հանրային տիրույթ՝ հաշվի առնելով վերջին ընտրությունները՝ Պարույր Հայրիկյանի հետ կապված ահաբեկչությունը: Մենք ունենք նույն իրավիճակը, երբ փորձ արվեց սա օգտագործել, որպեսզի ոչ միայն մեր հանրությանը ցույց տան, որ կան վտանգներ, այլև նույնականացնեն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ, սակայն նրանց չհաջողվեց համաշխարհային մեդիաների մեջ բերել մի «քեյս», որ ԱԱԾ-ն կանխեց ահաբեկիչներին»,- նշեց Ա. Ղուկասյանը:

Նա հերքեց իրենց շարժման մասնակցությունն այդ ամենին: Նրա խոսքով՝ անհաջող փորձ է արվել «Նոր Հայաստանը» կապել այդ խմբի հետ: «Արթուր Վարդանյանն ավելի մոտ է կանգնած Սերժ Սարգսյանին, քան Ժիրայր Սէֆիլյանին, ավելի շատ հիմքեր կան Սերժ Սարգսյանին կապել այդ խմբի հետ, քան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ: Սա շոու է, ԱԱԾ-ն այդպես չի անում նման գործողությունը»,- ասաց Ղուկասյանը:

Ա. Ղուկասյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ց ելնելով են այդ ամենը լրագրողները կապում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ: Ի պատասխան՝ լրագրողները նշեցին, որ իրենք անձամբ գնացել ու տեսել են դեպքի վայրում «Նոր Հայաստանի» և «Ոչ»-ի ճակատի, այլ ներկայացուցիչների լոգոները, պաստառները: Ա. Ղուկասյանն էլ հայտարարեց, թե ինչո՞ւ են լրագրողներին կանչում, թույլ տալիս նկարել նման բաները: Ըստ նրա ՝ ուրիշ դեպքում դա թույլ չէր տրվի, «թույլ է տրվել, քանի որ հատուկ նպատակ է հետապնդել»:

Տեսանյութեր

Լրահոս