
Մոսկվան չեղյալ է հայտարարել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական ֆորումը

Ռուս-թուրքական հասարակական ֆորումը, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, վերջին իրադարձությունների ֆոնին չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Россотрудничество-ի ղեկավար Լյուբով Գլեբովային:
«Ես Ռուս-թուրքական հասարակական ֆորումի նախագահն եմ, ու որպես օրենք, նման կարգի ֆորումներն ազդարարում են պետությունների ղեկավարների հանդիպումները: Նման հանդիպում նշանակված էր դեկտեմբերին, սակայն մենք այդ հանդիպումը չեղյալ ենք հայտարարել»,- Interfax-ը մեջբերել է Գլեբովայի խոսքերը:
Նա ընդգծել է, որ համապատասխան որոշումը չի նշանակում, թե Մոսկվան այդկերպ «փակում է Թուրքիայի հետ հարաբերությունները»:
Ավելի վաղ «Կոմերսանտի» աղբյուրները Կրեմլից հայտնել էին, թե Ռուսաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել դեկտեմբերի կեսին նախանշված ռուս-թուրքական գագաթաժողովը:
Նման որոշում կայացվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված «Սու-24»-ի հետ կապված դեպքերից հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցել էին ռուսական ռազմական ինքնաթիռը, ինչի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսը՝ փրկվել:
Փրկարարական օպերացիայի ժամանակ խոցվել էր նաև ռուսական մի ուղղաթիռ: