Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մարզիչը, ամենայն հավանականությամբ, հայ կլինի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հանդիպել է մի շարք լրատվամիջոցների հետ և խոսել հավաքականի հետագա անելիքների, այդ թվում՝ նոր մարզչի ընտրության մասին:
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են պահանջում Սարգիս Հովսեփյանի հրաժարականը: Բոլորի համար պարզ էր, որ Հովսեփյանը կմնա մինչ ընտրական ցիկլի ավարտը, ոչ ավելին»,- ասաց Ռ. Հայրապետյանը։
ՀՖՖ նախագահը նաև խոսեց Հայաստանի հավաքականի ապագա մարզչի ազգային պատկանելության մասին՝ նշելով, որ ոչինչ դեռ հստակ չի կարող ասել։
«Սակայն ես հակված եմ մտածելու, որ հավաքականը պետք է մարզի միմիայն տեղացի մասնագետը, քանի որ կյանքի փորձը ցույց է տվել, որ եվրոպական մտածելակերպ ունեցող օտարերկրացու նշանակումից հետո հավաքականում խախտվում է ողջ ներքին կարգապահությունը»,- նշեց Հայրապետյանը։
ՀՖՖ նախագահը նաև շեշտեց, որ կանի ամեն բան բաց աշխատանքի համար: Շալանդը սկսեց, իսկ Հովսեփյանն էլ շարունակեց լրագրողների հետ քիչ շփվելու քաղաքականությունը, սակայն Հայրապետյանը խոստացավ, որ այդ իրավիճակն այդպես չի մնա, և ֆուտբոլիստներն առաջվա նման ակտիվ կշփվեն լրագրողների հետ:
Սիրարփի Աղաբաբյան