«Իշխանություններն արդեն սահմանադրական փոփոխությունները կյանքի են կոչում». Արմեն Մարտիրոսյան
Իշխանության դաշտից «Ոչ»- ի ճակատին ուղղված հիմնական քննադատությունն այն է, որ նրանց «ոչ»-ը փաստարկված չէ, որ իրենց «ոչ»- ը ներկայացնելիս՝ հղում չեն անում Սահամանդրության բովանդակությանը և դրույթներին, հետևաբար, ըստ իշխանության՝ հանրությունը չի վստահում ընդդիմության «ոչ»-ին և հակված չէ հետևելու նրան:
Այսօրվա բանավեճի ժամանակ նման դիտարկմանն ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հերթական ապատեղեկատվությունն է, որովհետև մենք ինչպես գործընթացի, անպես էլ տեքստի առումով հիմնավորում ենք մեր բացսասական վերաբերմունքը: Սկսենք գործընթացից. ոչ լեգիտիմ իշխանությունն իրավունք չունի նման քայլ իրականացնել որովհետև. սա նոր Սահմանադրություն է, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություն։
Իսկ բովանդակային առումով նախագիծը բավականին հետքայլ է, և միակուսակցական համակարգ ստեղծելուն է միտված։ Նաև մարդու հիմնարար ազատությունների վերաբերյալ մեծ հետընթաց կա, որն արդեն ոչ միայն քաղաքական ուժերն են բարձրաձայնել, այլ նաև փորձագիտական դաշտը»:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ իշխանություններն արդեն սահմանադրական փոփոխությունները կյանքի են կոչում. «Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի տղան՝ հայտնի Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայ անտառի» տնօրենի խորհրդական, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երևի, կնշանակեն պետ: Երկրորդ, երեկ այդ հանցավոր խմբի ձերբակալությունից հետո իշխանական դաշտից ուղղորդում եղավ, թե դա «Նոր Հայաստանի» հետ է կապված: Եթե նմանատիպ ձևով են առաջ շարժվելու, ապա ակնհայտ է, որ մեր հոռետես մոտեցումները, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինչ է մեզ սպասվում, արդեն սկսել են կյանքի կոչվել»: