«Եթե իսկապես իրենք ահաբեկիչներ են բացահայտել՝ ապրեն իրենք». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի բացահայտումը եղավ ճիշտ այն ժամանակ, երբ դավադրաբար խփեցին Սիրիայի հողի վրա ռուսական ռմբակոծիչը: Բնականաբար, Թուրքիայի դիրքորոշումը այնպիսին էր, որ ՀՀ քաղաքացին իզուր չէ, որ պետք է անհանգստանա, որովհետեւ ցանկացած վայրկյանի նրանք կարող են գործողություններ ծավալել: Ողջ Եվրոպայի, աշխարհի աչքի առջեւ եղեռնի են ենթարկվում հայերը, քրդերը, եզդիները եւ միջազգային հանրությունը մինչեւ օրս ծպտուն չի հանել, չի ասել, որ ահաբեկիչները գալիս են Թուրքիայի տարածքով, չի ասել, որ Իսլամական պետությունը միլիարդավոր դոլարներ է աշխատել Թուրքիա նավթ մտցնելով: Ես չեմ բացառում, որ օրերից մի օր մեր գաղտնի «բարեկամները» կարող են ահաբեկչություն իրականացնել նաեւ իմ եւ ձեր երկրում: Այնպես որ, այս ահաբեկչության բացահայտումը Հայաստանում բավականին ակտուալ խնդիրներից մեկն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սկանդալային բացահայտման հետ կապված այսպիսի գնահատական տվեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նա բավարար տեղեկություններ չունի, որ ասի, թե ինչքանով է դա իրականությանը համապատասխանում. «…Եթե իսկապես իրենք ահաբեկիչներ են բացահայտել՝ ապրեն իրենք, եթե սա անհասկանալի մի խաղ է, մենք դրա մասին կիմանանք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: