ԱԱԾ-ի վնասազերծված խումբը ծրագրած է եղել որոշակի գործողություններ իրականացնել Ազգային ժողովում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լուսադեմին Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նորքում իրականացրած օպերացիան, դատելով սոցցանցերում արված գրառումներից, հանրության որոշակի շրջանակ լուրջ չէր ընդունում. ոմանք դա համարում էին բեմադրություն, ոմանք՝ մեյմունություն: Ամեն ինչ, սակայն, կարծես թե շատ ավելի լուրջ է:
Քաղաքական իրազեկ շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ խումբը ծրագրած է եղել որոշակի գործողություններ իրականացնել Ազգային ժողովում, իսկ մյուս թիրախը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, խորհրդարանական լրագրողները երեկ արձանագրել էին, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն նախորդ օրերի, երբ հսկողություն էին իրականացնում իրենց ամրակցված ատրճանակներով, զինված են եղել ինքնաձիգներով: Խորհրդարանում նման ուժեղացված հսկողություն է իրականացվել ոչ միայն երեկ, այլ նաեւ նախորդ օրը: ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը, սակայն, հայտարարել էր, որ ընդամենը գործողություններ են իրականացնում, դա ոչինչ չի նշանակում, իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիր չկա: Բայց, փաստորեն, ուժայիններն արդեն որոշակի գործողությունների են սպասելիս եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: