
Անկարան չի ցանկանում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ. Դավութօղլու

Անկարան Ռուսաստանին համարում է իր ընկերն ու չի ցանկանում խզել հարաբերությունները խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված պատահարից հետո, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ:
«Մենք չունենք ու չենք էլ կարող ունենալ Ռուսաստանի հետ կապերը խզելու մտադրություն այդ դեպքից հետո, մենք չենք ցանկանում Ռուսաստանի հետ լարվածություն պահպանել: Ռուսաստանը մեր ընկերն է, հարևանը ու շատ կարևոր գործընկերը: Երկկողմ հարաբերությունները չեն կարող զոհաբերվել: Հիմա կապի բոլոր խողովակները մեզ մոտ բաց են, մենք փոխադարձ կերպով դրանց մեծ նշանակություն ենք տալիս:
Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ազգային անվտանգության ապահովման պլանում ցանկացած ընկերական հարաբերություններ պետք է հիմնվի յուրաքանչյուր երկրի կողմից իր տարածքը պաշտպանելու իրավունքի վրա»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի Լաթաքիա նահանգում կործանվել է ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիան՝ Ռուսաստանին մեղադրելով իր օդային տիրույթը խախտելու մեջ: Մոսկվան պնդում է, որ իր ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սիրիայի տարածքում: