«Միգուցե փորձում էին աչքի չընկնել». Նորք-Մարաշի տան հարևանությամբ բնակվողը՝ տանը բնակվողների մասին
«Մենք չգիտենք՝ քանի հոգի են եղել, գնում, գալիս էին, բայց կոնկրետ ո՛չ տեսել ենք իրենց, ո՛չ շփվել ենք»,- այս մասին ասաց Նորք-Մարաշի բնակարանի հարևանությամբ ապրող կինը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցությունը: Հարևան կինը տանիտիրոջ հարազատներից մեկն էր: Նրա խոսքով՝ տանը բնակվողներին զենքեր բերելիս չեն նկատել, սակայն զգացել են ամեն անգամ նրանց բարձրանալ-իջնելը սանդուղքով, քանի որ աստիճանները կպած են իրենց տանը: Տանը մինչև գիշերվա ժամը 2-3-ը հիմնականում շարժ է եղել, տանից լսել են երաժշտության ձայներ:
Մեր հարցին՝ արդյոք բնակիչները տարօրինակ չեն թվացե՞լ իրենց, տան հարևանությամբ բնակվող կինը պատասխանեց. «Չենք տեսել նույնիսկ դեմքները համարյա թե»: Հարցին՝ իրենք չեն ուշադիր եղե՞լ, թե՞ տանը բնակվողներն են փորձել աչքի չընկնել, կինը պատասխանեց. «Միգուցե փորձում էին աչքի չընկնել, որովհետև մեքենան կանգնում էր դռան դիմաց, իջնում, նստում էին, գնում էին, կամ իջնում էին, վռազ մտնում էին տուն, դուռը փակում էին»:
Նրա խոքով՝ տանը բնակվողների մի մասը սիրիահայեր են եղել, իրենք կասկածներ չեն ունեցել, որ հնարավոր է՝ նման բան լինի. «Մտածում էինք՝ դրսից եկած են, կարող է՝ շատվոր են, գնում են, գալիս են»:
Նա պատմեց, որ գիշերը իրենք քնած են եղել, 4:30-05:00-ի սահմաններում պայթյունի ձայնից արթնացել են, դուռը բացել են, տեսել, որ ոստիկանության աշխատողները բակում են, իրենց դուրս չեն թողել: