
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չեն իմացել, որ «Սու-24»-ը ռուսական է. Էրդողան

Թուրքիայի իշխանություններն իմացել են, որ ռուսական ինքնաթիռ են խոցել այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այն, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հասկանալի դարձավ միայն այն բանից հետո, երբ դրա մասին հայտարարեցին ռուսական իշխանությունները»,- խոստովանել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ թուրքական կործանիչը կրակ էր բացել «Սու-24»-ի վրա այն բանից հետո, երբ այն, ըստ թուրքական կողմի հավաստիացումների, խախտել է թուրքական օդային տիրույթը:
Ռուսական կողմը, իր հերթին, հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի երկնքում:
Էրդողանը հայտարարել է, որ «Սու-24»ի որոշ բեկորներ ընկել են Թուրքիայի տարածքում ու վիրավորել 2 քաղաքացու: Ինքնաթիռը, սակայն, ընկել է Սիրիայի տարածքում: