
«Սու-24»-ի երկրորդ օդաչուն Լաթաքիայի «Խմեյմիմ» բազայում է. Շոյգու

Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուն փրկվել է ռուսական ու սիրիական բանակի ստորաբաժանումների կողմից ու տեղափոխվել է «Խմեյմիմ» ավիաբազա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Օպերացիան հաջողությամբ ավարտվել է:
Օդաչուն տեղափոխվել է մեր բազա: Ողջ-առողջ է»,- ասել է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում:
Ռուս նախարարի խոսքով՝ օդաչուի փրկության օպերացիան տևել է մոտ 12 ժամ ու ավարտվել է երեկ գիշեր Մոսկվայի ժամանակով ժ. 3:40-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել էր թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծչի երկրորդ օդաչուի փրկության մասին լուրերը:
Ֆրանսիական «Էրոպ-1» ռադիոկայանի եթերում ռուս դիվանագետը հայտնել է, որ օդաչուին փրկել են սիրիական բանակի զինվորականները ու որ նա կտեղափոխվի Լաթաքիայի ռուսական ավիաբազայի տարածք:
Նշենք, որ երեկ որոնողա-փրկարարական օպերացիայի ժամանակ «Սու-24»-ի կործանման վայրում զոհվել է նաև 1 ռուս ծովային հետևակ:
Շոյգուն հանձնարարել է անել ամեն ինչ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու համար: