Թուրքիան կարող էր խոցել «Սու-24»-ը ինքնապաշտպանության նպատակով. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ գերատեսչությունում չեն բացառում, որ Թուրքիայի հարձակումը ռուսական «Սու-24» ինքնաթիռի վրա եղել է ինքնապաշտպանական քայլ, հայտնում է Reuters-ը:
«Եթե թուրքմենական ուժերը հարձակման են ենթարկվել ռուսական ավիահարվածների կողմից, նրանք կարող էին պաշտպանվել»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Պատասխանելով այն հարցին՝ կարելի է արդյոք ինքնապաշտպանություն համարել անզեն, կատապուլտ կատարող օդաչուի վրա բացված կրակը, Թոները նշել է, որ տվյալ պահին «հստակ պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունեցել»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել էին, որ ռուսական «Սու-24»-ի հետ պատահածը չպետք է կրկնվի:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի Լաթաքիա նահանգում կործանվել է ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիան՝ Ռուսաստանին մեղադրելով իր օդային տիրույթը խախտելու մեջ: Մոսկվան պնդում է, որ իր ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սիրիայի տարածքում: